Կոնգրեսը գրեթե հաստատ կկարողանա ռազմական օգնության նոր տրանշ բացել Իսրայելի համար մոտ ժամանակներս, անգամ չնայած այն բանին, որ Ներկայացուցիչների պալատը դեռ փորձում է խոսնակ ընտրել։ Բայց հարցը, որը Կապիտոլիումի ղեկավարները պետք է լուծեն առաջին հերթին, այն է, թե արդյոք այդ փողերը կկապվեն Ուկրաինային օգնության հետ, գրել է Politico ամերիկյան պորտալը։

Ներկայացուցիչների պալատի, որը խոսնակ չունի, հանրապետական մեծամասնությունը նախկինի պես դիմադրում է Ուկրաինային ցուցաբերվելիք օգնության ավելացմանը, ինչը Սենատում շահարկումներ է առաջացրել այն մասին, որ Իսրայելի եւ Ուկրաինայի միավորված օգնությունը կարող է փաթեթն ավելի գայթակղիչ դարձնել։ Գուցե, կարծում են նրանք, Սենատը կարողանա երկու կուսակցությունների ձայների նման ճնշող մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատին համոզել, որ միավորված օրենքը ուշադրության չառնելն անհնար կլինի։

Իրականում ամեն բան այդքան էլ հեշտ չէ։ «Ժառանգություն» հիմնադրամը, որը հաճախ աջակցում է պահպանողականներին, ակտիվորեն փորձում է վերջ դնել օգնության փաթեթների միավորման գաղափարին։ Իսկ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում թերահավատ են, որ Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումները հանգստյան օրերին կուժեղացնեն փաստարկները հօգուտ օգնության փաթեթի, որը բաղկացած կլինի երկու մասից։

Խոսնակի երկու գլխավոր թեկնածուներից մեկը՝ մեծամասնության ղեկավար Սթիվ Սքալիզը (հանրապետական Լուիզիանայի նահանգից), դեռ չի ճշտել, թե ինչպես է վերաբերվելու Ուկրաինային օգնության հարցին, այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Ջորդանը (հանրապետական Օհայոյի նահանգից) թերահավատորեն է տրամադրված։

Անգամ բարձրաստիճան սենատորներն են ձեռնպահ մնում ակնհայտ աջակցությունից՝ հայտարարելով միայն, որ ինչպես Իսրայելի, այնպես էլ Ուկրաինայի այդքան լուրջ պաշտպանական պահանջմունքները պետք է բավարարել ի հաշիվ ԱՄՆ ավելի մեծ օգնության։

POLITICO-ի համար արված հայտարարությունում Հատկացումների կոմիտեի նախագահ Փետի Մյուրեյը (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) հայտնել է, որ Կոնգրեսի ճնշող մեծամասնությունը «հստակ հասկացրել է, որ աջակցությունն Ուկրաինային վճռական նշանակություն ունի, իսկ մեր աջակցությունն ու հավատարմությունն Իսրայելին անսասան են։ Մենք պետք է եւ կցուցաբերենք անհրաժեշտ աջակցություն մեր երկու դաշնակիցներին ինքնապաշտպանության համար, եւ ես կփորձեմ ձեռք բերել այդ միջոցները որքան հնարավոր է արագ»։

Փոքրամասնության ղեկավար Միչ Մակքոնելի (հանրապետական Քենտուկիից) շաբաթ օրվա հայտարարությունում՝ կապված Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ, ընդգծվել էր ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին օգնությանն աջակցելու հարցը՝ Ռուսաստանին եւ Իրանին զսպելու նպատակով։

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հստակ հասկացրել էր, որ ցանկանում է, որպեսզի Կոնգրեսը «շտապ միջոցներ ձեռնարկի մեր գործընկերների անվտանգության պահանջների ֆինանսավորման համար»։ Բայց քանի դեռ վարչակազմից հավաստի գումարներ չեն ստացվել՝ դժվար է ստույգ ռազմավարություն մշակել։