Երեւանում, հոկտեմբերի 12-ին, կրոկոցներ են հնչել. ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 հատ ատրճանակի կրակած պարկուճ:

Կենտրոնի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նշված վայրում 20-ամյա Ներսես Բ.-ն, 29-ամյա Սամսոն Ա-ն, 29-ամյա Հրաչյա Մ-ն, 24-ամյա Արթուր Վ-ն, և 37-ամյա Ավետ Մ-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված խաչմերուկի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հանրային վայրում, իսկ Ավետ Մ.-ն իր մոտ եղած ատրճանակով 2 անգամ կրակել է անհայտ ուղղությամբ:

Նշված անձանց Կենտրոնի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները ժամեր անց հայտնաբերել են Պուշկինի փողոցում և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են քննչական բաժին:

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: