«Իրավունք» թերթը գրում է. «Շարունակվում են լուրերն այն մասին, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են: Ըստ այդ լուրերի, նրան ստիպել են ասել` «Արցախը Ադրբեջան է», որին չի ենթարկվել: Մնացականյանի հարազատներին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, կտրականապես հերքում են այդ լուրերը, մանրամասնելով, որ նրանից նշված արտահայտությունը ստիպել են ասել Հակարի կամրջում` ասելով, որ եթե տեսախցիկների առաջ այդ արտահայտությունը անի, կապահովվի նրա անկաշկանդ անցումը Հայաստան: Մնացականյանը, սակայն, հրաժարվել է, սկսվել է քաշքշոց, ու հենց այդտեղ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է:

Նրան միանգամից տեղափոխել են բուժկետ, ապա Բաքվի հիվանդանոց` ստենդավորման:

Աղբյուրները անդրադարձան նաեւ հարցին, թե ինչո՞ւ ի տարբերություն այլ գերեվարված անձանց, Մնացականյանի լուսանկարը Բաքվից չհանրայնացվեց. «Մեր ունեցած տեղեկություններով, Մնացականյանի առողջական վիճակին զուգահեռ, Հակարի կամրջում տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում նրա վրա բռնության հետքեր են եղել, ինչը, բնականաբար, ձեռնտու չէր ադրբեջանական կողմին հանրայնացնել:

Հարազատների հետ զրույցում Մնացականյանը սակավախոս է եղել, ասել է, որ լավ է, խնդրել է ուղարկել անհրաժեշտ դեղորայք: Եվ հատուկ խնդրել, որ ինչքան Հայաստանում քիչ խոսեն իր մասին, այնքան լավ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում