Երկրի վրա մագնիսական ուժեղ փոթորիկ է գրանցվել՝ առաջացնելով կարմիր հյուսիսափայլ. գիտնականները սխալ են գնահատել դրա հզորությունը
6 նոյեմբերի, 2023 12:09
Նոյեմբերի 5-ի երկրորդ կեսին Երկրի վրա մագնիսական ուժեղ փոթորիկ է գրանցվել, հայտնում է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։

Ըստ ինստիտուտի մասնագետների՝ մոլորակի մագնիսական դաշտի խախտման աստիճանը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է G3 մակարդակի․ խոսքը բավականին բարձր աստիճանի մասին է։ Ամենաբարձր, ծայրահեղ մակարդակը համարվում է G5-ը։ G5 մակարդակի փոթորիկ վերջին անգամ գրանցվել է 2005-ի սեպտեմբերի 11-ին։

Մագնիսական փոթորկի ֆոնին Ռուսաստանի որոշ շրջանների երկնքում, այդ թվում՝ հարավային շրջաններում, նկատվել է կարմիր բևեռափայլ, որտեղ նման երևույթներ հազվադեպ են նկատվում։ Դոնբասի, Ղրիմի, Ռոստովի և Օմսկի շրջանների բնակիչները սոցիալական ցանցերում տարածել են այս հազվագյուտ օպտիկական երևույթի լուսանկարները։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի Սիբիրյան մասնաճյուղի մասնագետների կարծիքով, գիտնականները սխալ են գնահատել արեգակնային բռնկման ուժը և դրա արտանետած պլազմայի հոսքի արագությունը, ինչը, փաստորեն, հանգեցրել է մագնիսական ուժեղագույն փոթորկի առաջացմանը։

«Ե՛վ արտանետման արագությունը, և դրա ուժգնությունը, ինչպես այժմ պարզվում է, լիովին սխալ են գնահատվել, թեև դա դեռ չի բացատրում, թե ինչպես կարող է նման թույլ պատճառը դիտվող մակարդակի փոթորիկ առաջացնել»,- ասվում է գիտնականների հայտարարությունում։

Նոյեմբերի 3-ին Արեգակը դեպի Երկիր է արտանետել պլազմային հզոր հոսք, որը համընկել է արևի չափազանց թույլ բռնկման հետ։ Այդ արտանետումը դիտարկվել է որպես «սովորական»:

«Ելնելով դրանից, ինչպես նաև ամպի չափված արագությունից, պլազմայի ժամանումը Երկիր սպասվում էր... նոյեմբերի 6-ին և համաշխարհային բոլոր գործակալությունների կանխատեսումներում նշվում էր որպես G1 մակարդակի թույլ մագնիսական փոթորիկ, այսինքն՝ ամենացածր դասը»,- նշել են գիտնականները։

Մինչդեռ իրականում պարզվել է, որ գազի ամպերը Արեգակից Երկիր 150 միլիոն կիլոմետր տարածությունն անցել են ընդամենը երկու օրվա ընթացքում և ի վերջո հարվածել Երկրի մագնիսական դաշտին նոյեմբերի 5-ին, այլ ոչ թե 6-ին, և ավելի մեծ ուժգնությամբ, քան ակնկալվում էր։

Ըստ մասնագետների՝ նոյեմբերի 6-ի առավոտվա դրությամբ Երկիրը դեռ գտնվում է արեգակնային պլազմայի ամպի մեջ։ Իսկ Երկրի շրջակայքում միջմոլորակային գազի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 300,000 աստիճան, այսինքն՝ մոտ 10 անգամ ավելի, իսկ արևային քամու արագությունը վայրկյանում 350-ից հասել է 500 կիլոմետրի։

Ըստ գիտնականների՝ Արեգակի վրա հզոր բռնկումները, որոնք Երկրի վրա հանգեցնում են հաղորդակցության և էլեկտրական ցանցերի աշխատանքի խաթարմանը, կշարունակվեն մինչև 2025-ը, քանի որ Արեգակը ներկայումս անցնում է բարձր ակտիվության շրջան, որը կրկնվում է մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ անգամ։