«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած երկուշաբթի օրը, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստից հետո, ուշագրավ զրույց է ծավալվել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ, որոնք ի պաշտոնե մասնակցում են այդ նիստերին: Մասնակցում են նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները: Այդ օրը Ավինյանը սպասել է, որ վերջիններս հեռանան, նախապես քաղաքապետարանի իր ենթականերին տեղեկացրել է, որ առանձին զրույց ունի։

Ապա զգուշացրել է, թե Աստված չանի՝ իմանամ, որ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել եւս՝ նրա հետ հարգալից՝ «պարոն»-ով է դիմել ու կատարել հրամանները։ Իր խոսքում ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։

Բանն այն է, որ շորթման մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը` Դոգը, վերջին շրջանում կենտրոնացել է քաղաքային խնդիրների վրա եւ հենց ուղիղ եթերում զանգում է քաղաքապետարանի պաշտոնյաներին ու նրանց հրահանգում-սպառնում, որ եթե մինչեւ իր նշած ժամկետը այս կամ այն բանն արած չլինեն, լավ չի լինի: Ավինյանը շեշտել է, որ Երեւանը մի քաղաքապետ ունի, եւ իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան։

Ի դեպ, ներկաները հետո տարակուսանք են հայտնել, որ Ավինյանն ընտրվել է նաեւ Դոգի կուսակիցների ապահոված քվորումի շնորհիվ եւ առաջիկայում ավագանու շատ որոշումներ ընդունելու համար նորից նրանց քվեների կարիքը պետք է ունենա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում