Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի իշխող կոալիցիան համաձայնել է հաջորդ տարի կրկնապատկել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ հասցնելով 8 միլիարդ եվրոյի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բեռլինի քաղաքական աղբյուրին։

Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում Գերմանիայի պաշտպանության ծախսերը կավելանան՝ հասնելով համախառն ներքին արդյունքի նպատակային ցուցանիշի 2,1%-ին։

Սոցիալ-դեմոկրատների, Ազատ դեմոկրատների և Կանաչների կուսակցության օրենսդիրները պայմանավորվել են ընդլայնել բանակցությունները 2024 թվականի առաջարկվող դաշնային բյուջեի շուրջ նոյեմբերի 16-ին Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովի պաշտոնական նիստից առաջ:

Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ պլանավորվել է կրկնապատկել Ուկրաինային ռազմական օգնության ծավալը։ «Սա ուժեղ ազդանշան է Ուկրաինային, որ մենք նրան դժբախտության մեջ չենք թողնի»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ քայլը, եթե համաձայնեցվի, կնշանակի, որ տարեկան բյուջեի հատկացումը բավարար կլինի ամբողջ տարին տևելու համար։

Գերմանական Bild am Sonntag թերթը նույնպես հայտնել է, որ հանձնաժողովը պետք է հաստատի հավելյալ 4 միլիարդ եվրո։