Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով հեռախոսազրույց կունենա 45 երկրների ղեկավարների հետ, որոնք ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մերձավոր Արևելքում հրադադարի մասին բանաձևի վերաբերյալ քվեարկության ժամանակ։ Նա նաև մտադիր է զրուցել այն երկրների գործընկերների հետ, որոնք ժամանակին բռնել են Ուկրաինայի կողմը Ռուսաստանի հետ հակամարտությունում, բայց չեզոք են մնում Գազայի ճգնաժամի կարգավորման հարցում, գրում է կառավարամետ «Ենի Շաֆակ» թերթը։

Նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովից վերադառնալով՝ Էրդողանը լրագրողներին ասել է, որ մտադիր է ակտիվացնել հեռախոսային բանակցությունները օտարերկրյա գործընկերների հետ՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու համար։ Թուրք առաջնորդը նշել է, որ ՄԱԿ-ում Գազայի մասին բանաձեւին աջակցել են 121 երկրների ներկայացուցիչներ, ինչը ցույց է տվել, որ Իսրայելն ու նրան աջակցող երկրները մնացել են փոքրամասնության մեջ։

Գալիք հեռախոսային դիվանագիտության շրջանակներում Էրդողանը մտադիր է կենտրոնանալ աֆրիկյան երկրների վրա, գրում է թերթը։ Բացի այդ, նա նախատեսում է զրուցել Ալբանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ։ Նա հիշեցնում է, որ «Թուրքիան հացահատիկային միջանցք ստեղծելու իր նախաձեռնությամբ շատ երկրների փրկեց պարենային ճգնաժամից և կխնդրի այն երկրներին, որոնք աջակցել են Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, չլռել Պաղեստինի մասին»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հղում անելով իր աղբյուրներին։