Վերջին երեք տարիների ընթացքում ամենաքննարկվող հարցերից մեկը հաղորդակցությունների ապաշրջափակումն էր. Այս ընթացքում և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս մեզ վերագրվում էին տարբեր գործողություններ, դավադրություններ և այլն։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենամեծ քաղաքական նշանակությունը վիզուալ կերպով ցույց տալն է, թե կոնկրետ ինչ ենք ուզում։ Այս մասին նոյեմբերի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում միջանցքի հետ կապված տարբեր խոսակցություններ են եղել։ Մենք այս գաղափարի մեջ մտցրեցինք պարամետրեր, որոնց շուրջ բացառապես քննարկումներ անցկացրինք և նաև արտահայտեցինք մեր դիրքորոշումը։

Ոչ ոք չի կարող վիճարկել, որ բանակը և զինված ուժերը շատ կարևոր են անվտանգության համար։ Բայց աշխարհում այն ​​երկրների թիվը, որոնք կարող են ապահովել իրենց անվտանգությունը, կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել, ուստի անվտանգության հայեցակարգը պետք է ավելի լայն դիտարկել։ Խաղաղության խաչմերուկ նախագիծն ամբողջապես անվտանգության մասին է:

«Մեր կիրառած անվտանգության մոդելներում խնդիրներ են եղել։ Մոդելը գիտե՞ք որն է․ աջ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել մատ ենք թափ տվել, շրջվել ենք էլի մատ ենք թափ տվել։

Մեզ ասել են՝ էս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս։ Ասել ենք՝ ոնց, չգիտեք՝ ով է մեր մեջքին կանգնած։ Հետո պահը եկել է, որ դա օգտագործեն, ասել են՝ ոնց որ թե այսօր մենք զանգի ենք սպասում։ Չենք կարող ձեզ ոչ մի բան ասել։ Այս ընկալման փոփոխությունը շատ կարևոր է»,- նշեց նա՝ նկատելով, որ աշխարհի շատ քիչ զարգացած երկրներ կան, որ միայն զենքով կարող են իրենց անվտանգությանը պաշտպանել։

Հետո, դիմելով իրենց հարց տվող ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին, Փաշինյանն օրինակ բերեց․

«Հիմա ԱԺ-ում Ձեր նստած դիրքի լավ, կամ վատ լինելը կախված է նրանից, թե Դուք ինչ հարաբերություններ ունեք պարոն Բաբայանի, Աղազարյանի և Ցիրունյանի հետ։ Եթե ունեք շատ վատ հարաբերություններ, ուրեմն, դա աշխարհի ամենավատ դիրքն է»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, այսօր աշխարհում անվտանգությունն ապահովում են, ի թիվս այլ բաների, հաղորդակցությունը, տնտեսությունը, մշակույթը, փոխադարձ կախվածությունը։ Հենց սրա մասին է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վստահեցրեց ՀՀ կառավարության ղեկավարը։

«Երկրի աշխարհագրական դիրքը լավ է, թե վատ, կախված է նրա հարևանների հետ հարաբերություններից: Մենք որևէ ազդեցություն չունենք մեր աշխարհագրական դիրքի բովանդակության վրա։ Մեր աշխարհագրական դիրքը միշտ ուրիշներն են որոշել մեզ համար։ Դա է խնդիրը: Մենք ինքնե՞նս ենք ուզում որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե՞ ոչ։ Իսկ մենք կարո՞ղ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե՞ ոչ։ Դա անելու ունակությունը նույնպես կարևոր է: Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է, մենք պետք է դա հնարավոր դարձնենք»,- հավելել է Հայաստանի վարչապետը։