Բոլոր այն բաները, որոնք արվում են, ականներ են հայկական պետականության տակ. ի՞նչ է նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը գնան, իրենց հորդորեն, գործընթացներ սկսեն, որի արդյունքում ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում, ժողովրդի կողմից օրինական ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենց խմբակցության անդամները քիչ էր մնում թռչկոտեին երջանկությունից, բայց երբ մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, էն, ինչ դուք անում եք, ռումբ է ԼՂ-ի տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Հիմա տեսա՞ք՝ ով է իրական դավաճանը, տեսա՞ք՝ ով գնաց իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց:

Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը:

Գնան կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ-ի ԱԺ-ն լուծարեն, գան Հայաստանում ԼՂ ԱԺ-ի նիստ անե՞ն: Սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է»,-ասաց նա։

«Եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, ապա խորհուրդ եմ տալիս նրանց խելքի գալ, եթե դա մտածված դավաճանական գործողություն է արտաքին պետությունների հովանավորությամբ և աջակցությամբ, սա ևս կբացահայտվի, ինչպես ամեն ինչ բացահատվեց 30 տարվա ընթացքում։

Չի կարելի գնալ, կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ այստեղ, Հայաստանի Հանրապետության տակ ռումբ դնել։ Փորձեր կան, ամեն օր, անընդհատ, այդ բոլոր փորձերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի»,-ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ ամենակարևորը՝ Հայաստանի Հանրապետությունն է, 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, երեք գույնի մեր դրոշը. «Նա, ով Հայաստանի դեմ ինչ-որ գործողություն է անում, իմ անձնական թշնամին է։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի՞ տան։ Հերիք չեղա՞վ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։