«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին: Դա ինքնին սարսափելի է: Եթե հաշվի առնենք, թե «զրոյական կետի» մասին նրա նախորդ հայտարարությունն ինչ դառնաղետ հետևանքներ ունեցավ ու շարունակում է ունենալ, ապա այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա: Նախ՝ համեմատաբար թարմ «զրոյական կետի» մասին: Փաշինյանի ասածից բխում է, որ գերիների փոխանակումը նա համարում է իր և Ալիևի միջև «խաղաղության» պայմանագրի կնքման հավանականության մեծացման «զրոյական կետ»:

Բայց Փաշինյանի նույնիսկ այդ հայտարարությունը կեղծիք է: Նրա ու Ալիևի միջև «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, «զրոյական կետը» ոչ թե գերիների այս փոխանակումն էր, որից իշխանական քարոզչությունը նորից, ցավոք, շոու սարքեց, այլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած պայմանավորվածությունը, որով Փաշինյանը (ապա և՝ իր ՔՊ-ն) ուրացան ու թշնամուն հանձնեցին Արցախն ամբողջությամբ: Ամեն դեպքում, Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին, և ավելի լավ է՝ չպատկերացնել, թե ո՞րն է լինելու հաջորդ կետը: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թ. ապրիլի 9-ին հայտարարեց, որ ինքը...

Ավելի լավ է՝ բառացի մեջբերենք. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»: Թե իր «զրոյական կետից» բանակցելով՝ Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՜ ավերածություններ գործեց ու ինչպես կործանման տարավ Արցախը, ինչպես թշնամուն հանձնեց բուն ՀՀ տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, ակնհայտ է: Միաժամանակ, նա իրավացի է, որ «զրոյական կետից» բանակցությունները վարելու մասին ասածը կարևոր նրբություն է: Կարելի է ասել, որ դա անգամ առանցքային նրբություն է:

Այն առումով, որ բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց ու դրա մասին հայտարարելուց հետո բացարձակապես զրոյացած են ու զրոյացվել են նրա մյուս բոլոր հայտարարություններն ու մեղադրանքները, թե Արցախի հարցում ամեն ինչ կանխորոշված էր, 91 թվից էր «հանձնած», 96 թվից էր հանձնած, 98 թվից էր հանձնած: Իսկ այդ «զրոյական կետը» պարզապես զրոյականի հասցրեց ամեն ինչ: Հիմա շարունակում է «կոորդինատային հարթության» վրա դեպի ձախ տանել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում