Պաղեստինյան դիմադրությունը «ամուր կանգնած է մարտադաշտում»՝ չնայած իսրայելցի զինվորականների հանցագործություններին պաշարված Գազայի հատվածում։ Այս մասին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան Դոհայում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Press TV-ն։

«Սիոնիստական ռեժիմը եւ նրա դաշնակիցները մտածում էին, որ այդ կերպ կկարողանան ճնշել դիմադրությունը եւ ստիպել նրան սպիտակ դրոշ բարձրացնել»,- նշել է նա։ «Բայց դիմադրությունն անսասան է եւ ծանր վնաս է հասցրել սիոնիստական ռեժիմին իսրայելական հանցագործությունների 75 օրերից հետո»։

Ամիր-Աբդոլահիանը, իր կողմից, ընդգծել է, որ Իրանը կշարունակի դիվանագիտական ջանքերը պաղեստինցի ազգի աջակցության գործում՝ փորձելով վերջ դնել Իսրայելի հանցավոր ագրեսիային եւ պաշարմանը Գազայում։

«Այսօր ոչ ոք կասկած չունի, որ դիմադրությունը եւ պաղեստինցի ժողովուրդը ապացուցել են իրենց վճռականությունը սպանությունների մեքենայի առջեւ՝ չնայած նրանք շատ ցավ ու տառապանք են տեսել եւ ավելի քան 20 000 զոհ ունեցել վերջին 75 օրում»,- ասել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է «Իսրայելին Գազայի պատերազմում Միացյալ Նահնագների համատարած եւ անսահմանափակ աջակցությունը՝ Վաշինգտոնին կոչ անելով որքան հնարավոր է արագ դադարեցնել Թել Ավիվի «անմիտ ռազմական ստրատեգիայի» անօգուտ հովանավորումը։

Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրը AFP-ին տեղեկացրել է, որ Հանիան չորեքշաբթի կժամանի Եգիպտոս՝ բանակցելու համար Գազայի հատվածում նոր հրադադարի մասին։

Սակայն Հանիան հայտնել է, որ «բանակցություններն անհնար են Իսրայելի գրոհների պայմաններում»։