Սենատի ղեկավարները պայմանավորվել են, որ Կոնգրեսը տարին կփակի առանց Ուկրաինային 61 մլրդ դոլարի օգնության փաթեթը հաստատելու, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Մեր բանակցողները շատ ջանադրաբար կաշխատեն դեկտեմբերյան եւ հունվարյան արձակուրդներին, մեր նպատակը ինչ-որ բանի հասնելն է, հենց որ վերադառնանք»,- լրագրողներին ասել է Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը։

Սենատում երկրորդ հանրապետական Ջոն Թունը նույնպես հայտնել է, որ համաձայնությունը հունվարի սկզբից շուտ չի կայացվի։ «Դեմոկրատները ժամանակ են ձգել այնքան, որ համաձայնագրի կնքումը մինչեւ Սուրբ Ծնունդ անհնար է դարձել»,- ասել է նա Սենատի նիստում։

Համատեղ հայտարարությունում Շումերը եւ հանրապետականների ղեկավար Միթչ Մակքոնելը նշել են, որ բանակցողները «հուսադրող առաջընթացի» են հասնում, բայց «բարդ հարցերը մնում են»։

Մինչ այդ Սպիտակ տունը նախազգուշացրել էր, որ ամերիկյան օգնությունը կդադարեցվի ֆինանսավորման բացակայության պատճառով։

Բայդենի վարչակազմի 61 մլրդ դոլարի խնդրանքը արգելակվել է Կոնգրեսում։ Հանրապետականները պնդում են, որ խստացվի իմիգրացիոն վերահսկողությունը ամերիկա-մեքսիկական սահմանին։ Իսրայելի ֆինանսավորումը ավելի քիչ վեճեր է առաջացնում։

Իմիգրացիան ամենահակասական հարցերից մեկն է ամերիկյան քաղաքականությունում, եւ բարեփոխումների փորձերը բազմիցս ձախողվել են վերջին 20 տարում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բախվել է թերահավատ ընդունելության հանրապետականների կողմից, երբ անցած շաբաթ այցելել էր Վաշինգտոն։ Սա նրա երրորդ ուղեւորությունն էր ԱՄՆ մայրաքաղաք վերջին մեկ տարում։

Պարզ չէ, թե Սենատում ձեռք բերված համաձայնությունը դեմոկրատական մեծամասնության հետ կստանա արդյոք աջակցություն հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում, որտեղ օրենսդիրների զգալի մասը դեմ է Ուկրաինային լրացուցիչ միջոցների հատկացմանը։

Հունվարին կսկսվեն նաեւ նախագահի թեկնածուների առաջադրման փրայմերիզները Հանրապետականների կուսակցության կողմից յուրաքանչյուր նահանգում, իսկ օրենսդիրները կհամաձայնեցնեն տարեկան բյուջեն՝ կառավարության մասնակի փակումից խուսափելու հույսով։