Իրաքի ԱԳՆ-ն երկու միանման նամակ է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ Էրբիլին Իրանի հարվածների հետ կապված, տեղեկացրել է CNN-ը։

«Իրանի հրթիռային ագրեսիան հանգեցրել է զոհերի խաղաղ բնակչության շրջանում, վիրավորների եւ հանրային ու մասնավոր սեփականության վնասումների»,- նշվել է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Երեքշաբթի գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Իրաքի եւ Սիրիայի թիրախներին։ Տեղեկացվել է, որ «բալիստիկ հրթիռները օգտագործվել են լրտեսական կենտրոնների եւ հակաիրանական ահաբեկչական խմբավորումների ոչնչացման համար»։ Նշվել է, որ ԻՀՊԿ հարվածի նպատակը իսրայելական «Մոսադի» լրտեսական կենտրոնատեղին էր Իրաքյան Քրդստանում»։

ԱՄՆ-ում դատապարտել են գրոհները, իսկ Իրաքի ազգային անվտանգության գծով խորհրդական Ղասեմ ալ-Արաջին հերքել է Թեհրանի այն հայտարարությունները, թե ԻՀՊԿ հարվածը Էրբիլին ուղղված է եղել իսրայելական «Մոսադի» հետախուզական ծառայության օբյեկտի դեմ։ Իրաքի իշխանությունները Թեհրանից հետ են կանչել դեսպանին եւ կանչել Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ միջադեպը պարզելու համար։