Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

ԵՄ-ն և Հայաստանը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների իրականացման վիճակի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության ավելի հավակնոտ ծրագրին անցնելու հնարավորության շուրջ:

Նրանք նաև կքննարկեն քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև միգրացիան, շարժունակությունը և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները:

Այնուհետև մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական, ներառյալ տարածաշրջանային, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ:

Գործընկերության խորհուրդը կգլխավորի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։