Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հարձակումների հետ։ Այս մասին նա ասել է Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում։ «Ամբողջ աշխարհի աչքի առաջ Իսրայելը և նրա օկուպացիոն ուժերը սպանում են պաղեստինցիներին՝ հիմնականում երեխաների և կանանց։ Հազարավոր մեր պաղեստինցի եղբայրները ենթարկվել են դաժան խոշտանգումների։ Ավելի քան 67,000 անմեղ պաղեստինցի վիրավորվել է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով, որոնք ուղղակիորեն թիրախ են դարձնում խաղաղ բնակիչներին։ Աղոթատեղիները, դպրոցները, հիվանդանոցները և բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքները դարձել են իսրայելական հարձակումների թիրախ, որոնք համեմատելի են նացիստների հարձակումների հետ»,- ասել է Էրդողանը:

Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ իր երկիրը և այլ մահմեդական պետությունները լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի մարդկության դեմ Իսրայելի հանցագործությունները և պատերազմի կանոնների խախտումները միջազգային հանրության կողմից աննկատ չմնան։ «Մենք շարունակում ենք դիվանագիտորեն աշխատել՝ երաշխավորելու, որ իսլամական երկրներն արձագանքեն և միասին գործեն Գազայում Իսրայելի ճնշումների դեմ: Մենք կշարունակենք մեր պայքարն այնքան ժամանակ, մինչև 1967 թվականի սահմաններում ստեղծվի անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջական պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է», - ասել է Էրդողանը: