«Զանգակ» հրատարակչությունը Ժորժ Աբրահամյանի բնագրային թարգմանությամբ ընթերցողին է ներկայացրել իրանցի մեծ պոետ Հաֆեզի գազելների և քառյակների ժողովածուն։

OLD03751.JPG (11.25 MB)

Շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, Երևանի Կապույտ մզկիթում, որին ներկա էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։


OLD03795.JPG (10.00 MB)

Հաֆեզի այս ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Արևելյան պոեզիայի աստղի գազելներն ու քառյակները թարգմանվել են տարբեր լեզուներով, ունեցել տարբեր հրատարակություններ։ Հաֆեզը Խուրանից հետո Իրանում ամենակարդացվող գրողն է, ամենացիտվող պոետը, որը վայելում է պարսկական հասարակության համընդհանուր սերը։ Նրա բանաստեղծություններով հարևան Իրանում նույնիսկ գուշակություններ են արվում։

Ըստ գրքի թարգմանիչ, լրագրող և իրանագետ Ժորժ Աբրահամյանի՝ 14-րդ դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենաընթերցվածներից և ընթերցվողներից այսօր։ Հաֆեզն այն գրողն է, որը լինելով մուսուլման, իր բանաստեղծություններում ամենաշատն է անդրադարձել Հիսուս Քրիստոսին։

OLD03814.JPG (4.00 MB)

«Ինձ համար մեծ համարձակություն էր Հաֆեզ թարգմանել։ Աշխատանքը տևեց ավելի քան մեկ տարի։ Ուսումնասիրել եմ նաև Հաֆեզին վերաբերող թարգմանական գրականություն, փորձել հեղինակի լեզուն իր բոլոր առանձնահատկություններով ներկայացնել։ Կարծում եմ՝ ստացվել է և ընթերցողին դուր կգա այն։ Գիտեք, թարգմանությունը հեշտ չի անցել, հաճախ ստիպված եմ եղել լեզվական որոշ խոչընդոտների բախվել։ Եղել են նույնիսկ քառյակներ, որոնց թարգմանությունը մի քանի օր է տևել, ինձանից մեծ էներգիա են խլել։ Եվ ահա, ունենք մի գիրք, հայերեն Հաֆեզ, որը համոզված եմ՝ շատերի սեղանի գիրքն է դառնալու»,- նշեց գրքի թարգմանից Ժորժ Աբրահամյանը։

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին Հաֆեզի հայերեն հրատարակությունն այնքան է դուր եկել, որ միանգամից 100 օրինակ է գնել՝ ընկերներին, հայ գործընկերներին ու հարազատներին նվիրելու համար։ Մեհդի Սոբհանին կարևորեց Հաֆեզի այս հրատարակությունը, նշեց՝ շատ խորհրդանշական է գրքի շնորհանդեսը Երևանի Կապույտ մզկիթում անցկացնելը։ Դեսպանի խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունները ձևավորվել են նաև մշակութային երկխոսության, համընդհանուր արժեքների շնորհիվ, և որ Հաֆեզի այս հրատարակությունը ևս մեկ առիթ է՝ ցույց տալու երկու երկրի բարեկամական հարաբերությունները։

OLD03795.JPG (10.00 MB)

«Իրանում յուրաքանչյուրի տանը Հաֆեզի գիրք կա։ Հաֆեզը չի պատկանում որոշակի աշխարհագրական տարածքի։ Այս պոետը մարդկային արժեք է։ Իրանն աշխարհին ներկայանում է իր ուրույն մշակույթով․ Հաֆեզները, Ռումիներն ու Սադիները ներկայացնում են մեր երկրի մշակութային հարստությունը։ Հաֆեզի խոսքը սիրո, խաղաղության ու արդարության մասին է, իսկ բոլոր ժողովուրդները կարիք ունեն սիրո, խաղաղության ու արդարության։ Սրանք նաև այն սկզբունքներն են, որ դիվանագիտությունը ջանք ու եռանդ չի խնայում»,- նշեց դեսպան Մեհդի Սոբհանին։

«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանի խոսքով՝ Հաֆեզի հայերեն հրատարակության առաջին տպաքանակը սպառվել է ընդամենը երկու ամսում։

OLD03856.JPG (12.34 MB)

Հրատարակչությունը պատրաստվում է վերահրատարակել այն։ Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ Հաֆեզի բանաստեղծությունները շատ սպասված էին հայ ընթերցողների կողմից և այս հրատարակությունը մեծ նվեր դարձավ իրանցի բանաստեղծի երկրպագուների համար․ «Իրապես պարսկական պոեզիան իր գեղարվեստական յուրահատկություններով, հոգեբանական ու միստիկ նուրբ գծերով, փիլիսոփայական խորքով, մի մեծ ու գրավիչ աշխարհ է: Հաֆեզի գազելներում ու քառյակներում տեսնում ենք արևելյան պոեզիան իր ամբողջ ճոխությամբ ու փայլով»։

«Զանգակ» հրատարակչությունից նշեցին՝ Հաֆեզի թարգմանությամբ սկիզբ է դրվել թարգմանական նոր շարքի։ Պետք է ներկայացվեն ոչ միայն իրանական պոեզիայի մյուս երևելիներին, այլև պարսկական բեսթսելլեր դարձած վեպեր՝ հայերեն թարգմանությամբ: