Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում նշել է.

«Շնորհակալություն թանկագին Նիկոլ այս կարևոր օրվա առիթով Փարիզում լինելու համար: Փետրվարի 21-ն այն օրն է, երբ Միսաք Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Ֆրանսիայի ազատության համար, և հայրենիքը նրանց լիովին ճանաչեց ու նրանք ամփոփվելու են պանթեոնում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինեի հետ կամփոփվի պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում: Սա նաև երախտագիտությունն է Ֆրանսիայի այն պայքարի համար, որը տրվել է ազատության համար:

Ձեր ներկայությունն այսօր շատ կարևոր է բոլորիս համար: Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեր առջև ասել, կրկնել, որ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին:

Ցանկանում եմ նաև ողջունել, թանկագին Նիկոլ, Ձեր անձնական խիզախությունը և հաստատակամությունն այդ ճանապարհով առաջ շարժվելու համար: Այս հանձնառության փայլուն օրինակ է նաև Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը: Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք և Մելինե Մանուշյանների հիշատակը, պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպա մայրցամաքում, և հանուն ազատության պայքարն, առավել քան երբևէ, պահանջում է պայքար անպատժելիության դեմ:

Մեր հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին: Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր: Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:

2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Դուք Ալիևի հետ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: Կարծում եմ՝ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետ քաշման համար:

Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն:

Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան ու անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, և ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավայի Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան: Եվ ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա:

Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն:

Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց:

Ահա, այն մի քանի ուղիները, որոնք ուզում էի հիշեցնել: Եվ գիտեք, որ բառերից այն կողմ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է, որովհետև արդարադատությունը, ազատությունը և միջազգային իրավունքը մեզ համար կարևոր են:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել խիզախությունը, և այս առանձնահատուկ օրվա առիթով վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և բոլոր հայերին»:

Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել։ Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա հրավերի և ինձ և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանն այս հիրավի դարակազմիկ և էմոցիոնալ իրադարձությանը մասնակից դարձնելու համար։

Այսօր մենք ներկա ենք գտնվելու ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսներից` մեր հայրենակից Միսաք Մանուշյանի աճյունը ֆրանսիական մեծագույն քաղաքացիների պանթեոնում ամփոփելու արարողությանը, և իսկապես մեծ պատիվ է մեզ համար այսօրվա միջոցառմանն ու արարողությանը ներկա գտնվել։ Կարծում եմ` նաև այսօրվա իրադարձությունը ցույց է տալիս մեր երկրների և ժողովուրդների առկա հարաբերությունների խորքը, որովհետև դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, մարդկային, մշակութային են, այլ կարծում եմ` մեզ կապում է խորը, էմոցիոնալ կապը։ Եվ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ` կայացրած որոշման համար, որովհետև իսկապես սա ևս մեկ անգամ ընդգծում է ոչ միայն մեր բարեկամությունը և հարաբերությունների խորությունը, այլև յուրահատուկ և առանձնահատուկ գնահատանք է Ֆրանսիայի կայացման գործում ներդրում ունեցած հայերին, ինչը մեզ համար պատիվ է, մեծ հպարտություն։

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել այդ ներդրումն ընդգծելու համար։ Պիտի Ձեր թույլտվությամբ ընդգծեմ նաև, որ մենք այս տարի նման մի շատ խորը կոնտեքստ ունեցող իրադարձություն ունենք։ Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգին։ Եվ ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը` պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու։

Պիտի նաև արձանագրեմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում։ Եվ այստեղ, իհարկե, առանձնահատուկ է Ձեր անձնական դերը, պարոն նախագահ, և ուզում եմ դա շեշտել, և շնորհակալություն հայտնել մեր հարաբերությունների զարգացման ու խորացման նկատմամբ Ձեր ցուցաբերած մոտեցման համար։ Մեր կապերը խորանում են տնտեսության բնագավառում, մեր կապերը խորանում են քաղաքական առումով։ Եվ պիտի ընդգծեմ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում Ձեր ներդրումը։

Դուք հիշատակեցիք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին։ Համոզված եմ, որ այդ սկզբունքներին հավատարմության դեպքում իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և իրատեսական։ Եվ ևս մեկ անգամ ընդգծում եմ մեր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին։

Պարոն նախագահ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության գործում Ձեր ցուցաբերած աջակցության համար։ Դուք ընդգծեցիք, որ պաշտպանության ոլորտում, ըստ էության, մենք նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչն էապես է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Այդ առումով հայտնի է, որ կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ասացի` ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Եվ այս առումով, Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել, որովհետև մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն Հայաստանի Հանրապետության լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը։

Նաև ուզում եմ ընդգծել, որ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում Ձեզ հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Ձեր աջակցության համար։ Այս համատեքստում, իսկապես մենք նոր դինամիկ փուլ ենք մտնում նաև Եվրամիության հետ մեր հարաբերություններում։ Եվ այստեղ էլ պիտի ընդգծեմ Ֆրանսիայի և Ձեր անձնական աջակցումն այս գործում, որովհետև Եվրամիությունը նաև մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ունի առանցքային նշանակություն։

Իհարկե, ես այսօր առիթ կունենամ նաև Ձեզ հետ կիսել մտքեր մեր տարածաշրջանի, միջազգային իրավիճակի մասին։ Վերջին անգամ մենք քննարկում ենք ունեցել Գրանադայում, և այս ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաև որոշ տեղեկություններ կուզեմ Ձեզ հետ կիսել օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման և այլ քննարկումների մասին։ Եվ իհարկե, մեր օրակարգի բազմաթիվ հարցեր կան ու, բարեբախտաբար, մեր օրակարգը երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում մեր համագործակցության շատ լավ է, շատ ընդարձակ։ Եվ կարևոր է այստեղ այս առիթն ունենալու, չնայած չենք մոռանում, որ այսօրվա մեր հիմնական առաքելությունը պատվելն է Ֆրանսիայի անկախության և պետականության համար իրենց կյանքը նվիրաբերած և ներդրում ունեցած բոլոր հերոսների հիշատակին։ Շնորհակալ եմ»։

Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: