Թուրինի «Յուվենտուսի» 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան անարդար է համարում չորս տարով իրեն որակազրկելու որոշումը, որն ընդունել է Իտալիայի հակադոպինգայի դատախազությունը։ 2023թ․ սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Պոգբայի դոպինգ թեստը ցույց է տվել տեստոստերոնի բարձր մակարդակ։

«Անարդար որոշում է, ես շոկի մեջ եմ, իմ սիրտը կոտրված է։ Ինձնից խլեցին այն ամենը, ինչը ես ստեղծել էի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։

Երբ ազատվեմ իրավական սահմանափակումներից, հայտնի կդառնա ամբողջ պատմությունը, բայց ես երբեք գիտակցաբար եւ դիտավորյալ չեմ օգտագործել ոչ մի հավելում՝ խախտելով հակադոպինգային նորմերը։

Երբեք չեմ փորձել արգելված նյութերով բարելավել իմ մարզավիճակն ու աշխատանքը։ Երբեք չեմ խաբել մրցակիցներիս եւ երկրպագուներին։

Ես կբողոքարկեմ այս որոշումը Մարզական վճռաբեկ դատարանում»,- սոցիալական ցանցերում գրել է Պոգբան։

Կրկնակի դոպինգ ստուգումը հաստատել էր առաջին նմուշի պատասխանը։ Պոգբան հեռացված է ֆուտբոլից։ «Յուվենտուսը» կխզի պայմանագիրը նրա հետ։