ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ժամանակավոր բյուջեին, որը կկանխի կառավարության շաթդաունը, հայտնում է CNN-ը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 320 կոնգրեսական, դեմ՝ 99-ը, որոնցից «կողմ» է քվեարկել հանրապետականներից 113-ը, «դեմ»՝ 97-ը, դեմոկրատներից երկուսը դեմ են քվեարկել։

Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն դեռ պետք է հաստատվի սենատորների կողմից մինչև մարտի 1-ը, ինչպես նաև ստորագրվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։ Եթե համաձայնություն ձեռք չբերվի, ապա որոշ կառավարական գերատեսչությունների աշխատանքի մասնակի կասեցում կսկսվի արդեն մարտի 2-ից: Մի շարք այլ գերատեսչությունների համար վերջնաժամկետը մարտի 8-ն է։

Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերն ասել է, որ հույս ունի, որ իր պալատը փետրվարի 29-ի երեկոյան կկարողանա ընդունել օրինագիծը ժամանակավոր ֆինանսավորումը երկարաձգելու համար: