Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինան, բախվելով հնարավոր պարտությանը, պետք է Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին բանակցելու խիզախություն ունենա և չամաչի խաղաղ բանակցությունների համար նույն սեղանի շուրջ նստելուց։

Հռոմի պապն իր կոչն արել է անցյալ ամիս շվեյցարական RSI հեռուստաընկերության ձայնագրած հարցազրույցի ժամանակ, որը մասամբ հրապարակվել է շաբաթ օրը:

«Կարծում եմ՝ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին, օժտված է սպիտակ դրոշի համարձակությամբ և բանակցում է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային տերությունների օգնությամբ։

Ֆրանցիսկոսը RSI-ին տված հարցազրույցում ասել է, որ «բանակցություն» բառն անվեհեր բառ է»:

«Երբ տեսնում եք, որ պարտված եք, որ գործերը լավ չեն գնում, պետք է համարձակություն ունենաք բանակցելու, - ասել է նա։- Բանակցությունը երբեք կապիտուլյացիա չէ»։

Հռոմի պապը նաև հիշեցրել է, որ որոշ երկրներ առաջարկել են հակամարտության միջնորդ դառնալ։

«Այսօր, օրինակ, ուկրաինական պատերազմում շատերը ցանկանում են հանդես գալ որպես միջնորդ,- նշել է նա։- Թուրքիան իրեն է առաջարկել։ Եվ ուրիշները։ Մի ամաչեք բանակցել, քանի դեռ ամեն ինչ ավելի վատ չի դարձել»:

Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունին շաբաթ հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապն օգտագործել է «սպիտակ դրոշ» եզրույթը, որը կիրառել էր հարցազրույց վարողը: Նա պարզաբանող հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Հռոմի պապի արտաբերած «սպիտակ դրոշի» մեկնաբանությունները քննադատություն և մեղադրանքներ են առաջացրել, թե նա հակամարտությունում Ռուսաստանի կողմից է։