«Դա անհավանական ոչ դեմոկրատական գործընթաց էր»,- այսպես է բնութագրել պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին օգնական Վեդանտ Պատելը նախօրեին ավարտված էլեկտորալ միջոցառումները Ռուսաստանում, որոնց արդյունքում Վլադիմիր Պուտինը «վերընտրվել» է նոր ժամկետով։

«Ես կարծում եմ՝ կարելի է վստահաբար ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից շնորհավորական զանգեր չեն լինի (Պուտինի հասցեին)»,- ասել է Պատելը։


Արեւմտյան երկրների կառավարությունները «ընտրությունները» Ռուսաստանում անվանել են անարդար եւ ոչ դեմոկրատական։ Հնդկաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան շնորհավորել են Կրեմլի ղեկավարին եւս վեց տարով իր կառավարման շրջանը երկարացնելու համար։

Հակասական արձագանքներն ընդգծել են աշխարհաքաղաքական պառակտումը, որը խորացել է այն ժամանակվանից, երբ Ռուսաստանը լիածավալ ներխուժում կատարեց Ուկրաինա՝ առաջ բերելով ամենախոր ճգնաժամը Արեւմուտքի եւ Մոսկվայի հարաբերություններում «սառը պատերազմի» ավարտից հետո։