Crocus City Hall-ի շենքում բռնկված հրդեհի արագ տարածումը, բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը դժվարացրել են հրշեջների աշխատանքը, մարդկանց գտնում էին շոշափելու միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության հրդեհաշիջման կազմակերպման և արտակարգ փրկարարական աշխատանքների իրականացման վարչության պետ Դմիտրի Կիսելևը։

«Աշխատանքի դժվարությունն այն էր, որ դահլիճն ամբողջությամբ այրվեց, կրակն արագ տարածվեց շենքում, բարձր ջերմաստիճան և խիտ ծուխ առաջացավ: Փրկարարները ստիպված էին առաջ շարժվել ու գրեթե շոշափելու միջոցով փնտրել տուժածներին և կազմակերպել նրանց տարհանումը»,- ասել է նա։

Նրա խոսքով, հրդեհին տրվել է Մոսկվայի մարզում առկա բարդության չորրորդ՝ առավելագույն մակարդակը։