Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառումը և նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրումը առաջնային նշանակություն ունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հավաքական ջանքերը պետք է կենտրոնանան փախստականների արժանապատիվ կյանքը վերականգնելու հնարավորություն տալու վրա` բնակարանային և տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա:

Այս նպատակին հասնելու համար մենք ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ, և անդին: Ավելի լայն տարածաշրջանում սիներգիան ուժեղացնելու համար մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների (Global Gateway) ռազմավարության հետ և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այս հարցում:

Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս երկխոսությունը խթանելու և Հայաստանի Հանրապետությանը շարունակական աջակցության համար»: