ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ապրիլի 14-20-ին կայցելի Կորեայի Հանրապետություն եւ Ճապոնիա։ Այս մասին տեղեկացվել է ներկայացուցչության կայքի հաղորդագրությունում։

«Երկու երկրներում դեսպանը կմասնակցի երկկողմ եւ եռակողմ համագործակցության զարգացմանը նվիրված միջոցառումներին։ Ճապոնիայում նա կհանդիպի բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների հետ եւ կքննարկի ՄԱԿ ԱԽ ընդհանուր առաջնահերթությունները, ինչպես նաեւ հարցերն ու հնարավորությունները, ներառյալ վարչապետ Ֆումիո Կիսիդայի պատմական այցը Վաշինգտոն։ Նա կհանդիպի նաեւ ճապոնացի քաղաքացիների ընտանիքներին, որոնք առեւանգվել են Հյուսիսային Կորեայի կողմից, եւ կայցելի Նագասակի, որպեսզի տեղի պաշտոնյաների եւ ուսանողների հետ քննարկի տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես նշել է Kyodo գործակալությունը, սա մշտական ներկայացուցչի առաջին այցն է Նագասակի, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ենթարկվեց ամերիկյան միջուկային ռմբակոծման։ Անցած տարվա դեկտեմբերին Նագասակի այցելեց նաեւ Տոկիոյում ԱՄՆ դեսպան Ռամ Էմանուելը։ Մինչ այդ, մայիսին, Հիրոսիմայում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Յոթնյակի գագաթաժողովի ժամանակ։ Նա Բարաք Օբամայից հետո երկրորդ նախագահն է, որն այցելել է այդ քաղաք։Նա թանգարանի հուշագրքում կարճ գրառում է կատարել՝ կոչ անելով աշխարհի կառուցման հույս պահպանել, որտեղ չի լինի միջուկային զենք։

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումները իրականացրել է ԱՄՆ-ն Երկրորդ հաաշխարհային պատերազմի ավարտին՝ Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելու նպատակով։ Սա մարդկության պատմության մեջ միջուկային զենքի առաջին մարտական կիրառումն է։ Հիրոսիմայի վրա նետված ռումբի պայթյունի հետեւանքով մեկ օրում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է 70-100 հազար մարդ։ 1945թ. վերջին զոհերի թիվը հասավ 140 հազարի՝ ի հաշիվ նրանց, ովքեր մահացան հիվանդանոցներում՝ ստացած վերքերից եւ ճառագայթումից։ Զոհերի ընդհանուր թիվը ներկա պահին գերազանցում է 350 հազարը։