Հոկտեմբեր ամիսը թեեւ մայիսից հետո ամենախոնավ ամիսն է, սակայն այս տարի հոկտեմբերին տեղումները նորմայից պակաս կլինեն:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Վերջինս հայտնեց, որ ամենացուրտ օրերը կլինեն ամսվա առաջին 10 օրերը:
«Ջերմաստիճանն էլ այս հոկտեմբերին բարձր կլինի: Մասնավորապես հոկտեմբերի 4-6-ը, պայմանավորված սառը հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության ողջ տարածքում կնկատվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի»,- հավելեց Սուրենյանը:
Սուրենյանի տեղեկացմամբ` այս պահին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով: Իսկ այս օրերին ջերմաստիչանի իջեցումը կբերի նորմային, առանձին տեղերում, սակայն, ջերմաստիճանի աննշան իջեցում կնկատվի:

«Հանրապետության առանձին հատվածներում այս օրերին ձյուն կգա, իսկ Երեւանում ջերմաստիճանը չի գերազանցի 14-15 աստիճանը: Հոկտեմբերի երկրորդ 10-օրյակը, սակայն, տաք կլինի, ջերմաստիճանը կրկին կբարձրանա»,- նշեց Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ համեմատաբար ցուրտ կլինի Տավուշում և Լոռիում, իսկ մայրաքաղաքում և Արարատի մարզում ցրտի նշանները թույլ կլինեն::
Գ. Սուրենյանը նշեց, որ հատկապես գյուղատնտեսները հոկտեմբերի 7-ին պետք է ավելի ուշադիր լինեն, քանի որ հողի մակարդակի ջերմաստիճանը կարող է հասնել 0-ի: Առավել ուշադիր պետք է լինեն Աշոցքում, Ապարանում, Գավառում և Ջերմուկում, որտեղ հոկտեմբերի 5-ին ձյուն կնկատվի:

Ջերմաստիճանի իջեցման հետևանքով, ինչպես հաղորդեց Սուրենյանը, Երևանում և Արարատի մարզում կդիտվի 13°, Սյունիքի մարզում` 14-15°, իսկ լեռնային շրջաններում` 8-9°:

Հոկտեմբերի 8-ից ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա: Իսկ ձմռան կանխատեսումները պատրաստ կլինեն նոյեմբերի երկրոդ 10-օրյակից հետո: