ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է.

«Արդեն իսկ մի քանի անգամ բարձրացրել եմ հարցս, բայց այն քաղաքացիներին ում հուզում էր այս խնդիրը՝ այդպես էլ լուծում չի ստացել:

Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է Կոնդ թաղամասի բնակիչներին, Սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում գտնվողներին, որոնց մի մասը գտնվում է իրացման տարածքում, իսկ մյուսը՝ արդեն մի քանի տարի է անորոշության մեջ, ապրում են հակասանիտարական պայմաններում:

Մասնավորապես՝ 2006թ.-ի նոյեմբերից թաղամասը ճանաչվել է հանրային գերակա շահ հանդիսացող գոտի, իսկ 2009թ.-ի կառավարության 168Ն որոշմամբ սկսվել է օտարման գործընթացը, որով 200-ից ավել ընտանիքներ սեփականության իրենց իրավունքը պայմանագրով զիճել են համապատասխան կազմակերպությանը:

Այս ամենին է գումարվում կազմակերպության կողմից բնակիչներին ոչ պատշաճ կերպով ամենամսյա վարձավճարների փոխանցումը:

Հավելեմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածում շատ հստակ ասվում է՝ Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար»:

Կոնդ թաղամասի բնակիչներն անհամբեր սպասում են, թե՞ վերջապես, ե՞րբ է կարգավորվելու իրենց խնդիրը:

Ակնկալում եմ, որ ոլորտի պատասխանատուները շատ հստակ գործառույթներ կիրականացնեն և լուծում կտան այս սպասված խնդրին: