Երեկ կայացած Սարգսյան-Ալիև կարճատև հանդիպումն արդեն իսկ դրական ձեռքբերում է, հատկապես նկատի ունենալով այն փաստը, որ երկու տարվա մեջ բանակցությունները շարունակելու փորձերը դանդաղ ընթացք էին ստանում և լարվածություն կար:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով երեկ կայացած այդ հանդիպմանը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հավելելով, որ այն միայն պետք է ձեռքբերում համարել և ոչ ավելին:

«Դեռ չենք կարող ասել «սառույցը» կոտրվեց , թե ոչ», - նշեց նա:

Քաղաքագետը հիշեցրեց, որ հանդիպումից առաջ եղել է Ջոն Քերիի հեռախոսազանգը երկու նախագահներին, ՀՀ արտգործնախարարի հանդիպումը իր գործընկերների հետ, իսկ Ալիևն էլ այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանում: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ի համանախագահները մեծ ջանքեր էին գործադրել այս հանդիպման կայացման համար:

Ամփոփելով կարճ տևած հանդիպումը, նա նշեց, որ ուղղակի հույս կա, որ միգուցե այլ հանդիպումներ լինեն և բանակցային գործընթացները շարունակվեն:

«Երեկվա հանդիպման միակ նպատակը բանակցային գործընթացները շարունակելն է: ԱՄՆ պետքարտուղարությունն էլ երեկ հաղորդագրություն էր տարածել և նշել, որ բանակցային գործընթացները շարունակվելու են», - նշեց նա:

Սակայն քաղաքագետի խոսքերով, Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ տրամադրված չեն խաղաղ բանակցությունների և այստեղ հայկական կողմը լուրջ անելիքներ ունի:

Նրա կարծիքով, այս հանդիպումն Ադրբեջանի քաղաքականության մեջ այնքան էլ փոփոխություններ չի մտցնի և Ադրբեջանը միևնույն է շարունակելու է խախտել հրադադարի ռեժիմը , կրակոցները՝ թե սահմանի, թե քաղաքացիների վրա:

«Ադրբեջանը շարունակելու է կրակել և դա անելու պաշտոնական Անկարայի թույլտվությամբ և աջակցությամբ»:

Քաղաքագետը նշեց նաև, որ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներում հիմնականում պաշտոնական լրահոս է եղել , իսկ մի քանի քաղաքագետներ էլ քննադատաբար են մոտեցել ԵԱՀԿ համանախագահներին, որ նրանք փորձում են բանակցությունները զարգացնել:

«Եղել են ծայրահեղական մոտեցումներ, նույնիսկ նշել են, որ ինչքան էլ զանգեն մեր նախագահին՝ մենք պայքարելու ենք մինչև վերջ», - նշեց նա , հավելելով, որ միևնույն է ադրբեջանցիները Ղարաբաղը տեսնում են միայն իրենց կազմում: