Փորձաքննությունը հաստատել է Մերձմոսկովյան շրջանում ավտովթարի պատճառ հանդիսացած ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղավորությունը: Այս մասին Итар Тасс գործակալությանը հայտնել են ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի մամլո ծառայությունից:
Մոսկվայի ՆԳՆ ստացել է դատա-հոգեբուժական և ավտոտեխնիկական երեք փորձաքննության եզրակացությունները, որոնք նշանակվել էին ՃՏՊ-ի հետ կապված քրեական գործով: Ավտոտեխնիկական եզրակացությունից երևում է, որ վարորդի գործողությունների մեջ առկա են եղել ճանապարհային երթևեկության կանոնների, ինչպես նաև ավտոմեքենայի շահագործման կանոնների խախտում:
Բացի դա հայտնի է դարձել, որ բեռնատարի տեխսպասարկումը, որով պարբերաբար երթևեկել է մեղադրյալը, չեն իրականացվել երկար ժամանակի ընթացքում: «Այն բերել է արգելակման համակարգի աշխատանքի անարդյունավետության, ինչի մասին մեղադրյալը պետք է իմանար»,- ընդգծել է ՆԳՆ գլխավոր վարչությունից:

Ավելի վաղ հաստատվել էր, որ վթարի ժամանակ մեքենան ծանրաբեռնված է եղել, ինչն էլ բերել է արգելակման համակարգի աշխատանքի խափանման, որի արդյունքում էլ ավտոմեքենան ճանապարհի այդ հատվածում չի կարողացել կանգ առնել:
Դատա-հոգեբուժական փորձաքննության համաձայն Հրաչյա Հարությունյանը ինչպես մինչև ավտովթարը, այնպես էլ այդ պահին գիտակից վիճակում է եղել և կառավարել է իր գործողությունները:
Ներկայումս քննիչը մեղադրյալին և իրավապաշտպան կողմին ծանոթացնում է փորձաքննության արդյունքների հետ: