«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, Ավշար գյուղի գյուղապետի միակ թեկնածուն է։ Դեկտեմբերի 15-ին Ավշարում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրացել է, և այստեղ նախօրոք առաջադրված թեկնածուներից մնացել է միայն մարզպետի եղբայրը, ով մի քանի տարի առաջ Ավշարի գյուղապետն էր, իսկ 2013թ. նախագահական ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի՝ Ավշարի նախընտրական շտաբի ղեկավարը։ Մյուս առաջադրված թեկնածուն Ավշարի մանկսպարտեզի պահակ Վաղինակ Ասրյանն էր, ով թեկնածությունը գրանցելու փոխարեն ինքնաբացարկ է հայտնել՝ Գրիգորյանին թողնելով առանց մրցակցի։


Ի դեպ, մարզպետի եղբոր թեկնածությունը գրանցվել է որպես ինքնաառաջադրում։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մյուս եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանը, Աժ պատգամավոր է։ Պարզ է, որ Սուրիկ Գրիգորյանն ընտրվելու խնդիր Ավշարում չի ունենալու, որովհետև մրցակից էլ չունի, և ավանսով գյուղապետ է։ Այսպիսով, Գրիգորյանների ընտանիքում միաժամանակ և պատգամավոր է լինելու, և մարզպետ, և գյուղապետ»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։