Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները շրջափակել են Նեզալեժնոստի մայդանը (Ազատության հրապարակը) Միխայլովսկի և Կոստյոլնայա փողոցների ուղղություններով, զինվորներին մոտեցել է «ՈՒԴԱՐ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը՝ հղում կատարելով կուսակցության կայքին:

Նա կոչ է արել մարտիկներին չկատարել հանցագործ հրամանները:«Դուք այնպիսի քաղաքացիներ եք, ինչպես Մայդանում կանգնածները: Կոչ եմ անում չենթարկվել հանցագործ հրամանների: Այստեղ կանգնած են խաղաղ մարդիկ, խաղաղ ցուցարարներ, այստեղ չկան զինյալներ, չկան մարդիկ, որ եկել են օրենք խախտելու համար»,- նշել է Կլիչկոն:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իրավապահ մարմինները Միխայլովսկի հրապարակից շարժվել են դեպի Նիզալեժնոստի մայդան: «Բատիկիվշինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը կոչ էր արել բոլորին «պաշտպանել Մայդանը» ցույցեր ցրելուց: 

«Մենք գնում ենք պաշտպանելու մեր Մայդանը: Այժմ Մայդանը պատրաստվում է հարձակման: Ներքին զորքերը այժմ գտնվում են Կոստյոլնայա և Միխայլովսկ փողոցներում»,- նշել է նա:

Իրավապահ մարմինների ավտոմեքենաների ճանապարհը փակել են ակտիվիստները: Ցույցի մի քանի տասնյակ մարդ կանգնել են չորս ավտոմեքենայից և ռազմական բեռնատարից կազմված ավտոշարասյան դիմաց Միխայլովսկի փողոցում՝ թույլ չտալով նրան շարունակել շարժումը:

Տրանսպորտային միջոցները, որտեղ գտնվում են ամբողջությամբ սպառազինված ներքին բանակի զինծառայողներ փակել են Կրեշատնիկ փողոցը Նեզալեժնոստի մայդանի բարիկադներից 150 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН գործակալությունը:


.