Հարցազրույց Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Ինչո՞վ է պայմանավորված դեկտեմբերի 10-ի հանդիսավոր նշումը Արցախում:

-Դեկտեմբերի 10-ն արցախցիների օրացույցում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում. 1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականից ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, իսկ Արցախը, որպես միջազգային հանրության անքակտելի մաս, անհաղորդ չի մնում այդպիսի կարևորագույն տոներն արժեվորելուց ու նշելուց և լիովին օրինաչափ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար մեծ կարևորություն ունեցող երկու համապետական իրադարձությունները` պետական անկախության մասին հանրաքվեն և Սահմանադրությունը, տեղի են ունեցել հենց այդ օրը:

-Պատմական ի՞նչ առաքելություն է կատարել 1991թ. դեկտեմբերի 10-ի պետական անկախության մասին հանրաքվեն:

-Ինչպես գիտենք, 1991թ. սեպտեմբերի 2-ին հրավիրված բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ` Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների Ժողովրդական պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց որոշում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը պետք է լինի խիստ կանոնակարգված ու ԽՍՀՄ գործող օրենսդրությանը համապատասխան և ղեկավարվելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 2-րդ հոդվածով, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհուրդը 1991թ. նոյեմբերի 27-ին ընդունեց որոշում «ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին»: Այս տրամաբանությունից ելնելով` 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի նպատակը կարելի է համարել թերևս այն, որ խնդիր էր դրված ժողովրդի քվեի միջոցով հաստատել ժողպատգամավորների ընդունած որոշումը` դրան հաղորդելով բարձրագույն իրավաբանական ուժ, որը վերանայման ենթական չէ կամ հետագայում քաղաքական շահարկումների առարկա չի կարող դառնալ: Ամփոփ կերպով կարելի է ասել, որ պետական անկախության մասին հանրաքվեի միջոցով հաստատվեց ԼՂՀ` որպես առանձին պետական կազմավորման անկախությունը, որին հաջորդեց պետական իշխանության մարմինների ձևավորումն ու բնականոն գործառնումը:
Եթե ելնենք սահմանադրական արժեբանության դիրքերից, ապա կարելի է վստահորեն արձանագրել, որ պետական անկախության մասին հանրաքվեի իրավական արժեքը պայմանավորված է դրա անցկացման իրավական հիմքերի, այդ գործընթացին ներգրավված սուբյեկտների գործողությունների, կազմակերպական և ընթացիկ հարցերի լավագույնս իրականացման, ինչպես նաև միջազգային դիտորդների կողմից տրված գնահատականների հանրագումարով: Հատկանշական է, որ հանրաքվեի մասնակիցների 99,89%-ը կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը:

-Ինչպե՞ս է ընկալվում ԼՂՀ Սահմանադրությունը քաղաքացիների կողմից: Արդյո՞ք Սահմանադրության նորմերը կարելի է կենսունակ համարել:

-Քաղաքացիների կողմից ԼՂՀ Սահմանադրության ընկալումը կարելի է դիտարկել երկու հարթությունում` մինչև Սահմանադրության ընդունումը և դրանից հետո: Եթե մինչև Սահմանադրության ընդունումը` 2006թ. դեկտեմբերի 10-ը, ձեռնարկվել էին որոշակի քայլեր` ուղղված ազգաբնակչության մոտ իրավագիտակցության բարձրացման ու Սահմանադրության բովանդակությանը հաղորդակից դարձնելու հետ (խոսքը Սահմանադրության քարոզչության մասին է, որն իմ կողմից իրականացված ծրագրերից մեկն է), ապա դրանից հետո կարևոր առաքելությունը պետք է հանդիսանա Հանրապետության բոլոր դպրոցներում ու բուհերում երկրի Հիմնական օրենքի դրույթների վերաբերյալ ճիշտ պատկերացում ձևավորելն ու դրանց հետևելը: Ուսումնական հաստատություններում Սահմանադրության ուսումնասիրումը ոչ միայն իրավագիտակցության բարձրացման նպատակ է հետապնդում, այլև քաղաքացիների` առավելագույնս Հիմնական օրենքի սահմանած նորմերով իրենց կյանքը կառուցելու անհրաժեշտություն և հրամայական է: Մի խոսքով, եթե մեզանից շատերն Աստվածաշունչ է ընթերցում, ապա դրան զուգահեռ ցանկալի է Հիմնական օրենքն ուսումնասիրի, քանի որ Սահմանադրությունը կարելի է որակել որպես պետության կամ աշխարհիկ կյանքի յուրօրինակ Աստվածաշունչ:
Ինչ վերաբերում է Սահմանադրության նորմերի կենսունակությանը, ապա դա կախված է այն բանից, թե մենք` քաղաքացիներս, մեր առօրյա կյանքում ու արհեստավարժ գործունեության ընթացքում որքանով ենք առաջնորդվում այդ նորմերով, դրանք դարձնում մեր կյանքի անբաժանելի մասը և որքանով ենք դրանք համարում ելակետային ու ուղենիշային: Ու հենց այս համատեքստում է, որ առանձնակի կարևորվում է իրավամտածողության անկյունաքարային նշանակությունն ու դրանով հանդերձ օրինապահ քաղաքացիների միջոցով իրավական ու ժողովրդավարական պետության կառուցումը:

-Որքանով տեղյակ եմ, Ձեր գիտական աշխատանքը նվիրված է ԼՂՀ Սահմանադրությանը: Ի՞նչ անելիքներ եք տեսնում այդ բնագավառում:

 

Այո, ներկայումս էլ շարունակում եմ գիտական աշխատանք կատարել, որը նվիրված է ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկություններին ու սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրներին: Արժեբանական առանձնահատկությունների տեսանկյունից կարելի է ասել, որ զուտ սահմանադրական լուծումների մակարդակով ԼՂՀ Հիմնական օրենքը ոչնչով չի զիջում ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների սահմանադրություններին: Այստեղ կարևոր եմ համարում այնպիսի սահմանադրական արժեքներին հետևելն ու օրենսդրության մեջ շիտակ ձևով ամրագրելը, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը և այլն: Եթե ԼՂՀ Սահմանադրության բովանդակությունը համադրենք երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների հետ, ապա վստահաբար կարելի է ասել, որ ԼՂՀ-ում սահմանադրական արժեքները ոչ թե վերացական երևույթներ են, այլ ապրող իրողություն: Ինչ վերաբերում է անելիքներին, ապա դրանք տեսնում եմ ոչ թե սահմանադրական փոփոխությունների տեսքով, քանի որ դրա անհրաժեշտությունն այս պահի դրությամբ չեմ տեսնում, այլ նրանում, որ բոլորս պետք է սովորենք ապրել սահմանադրորեն: