Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ` մեղադրելով հայերին ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու մեջ և կոչ անելով իր հայրենակիցներին հեռու մնալ հայերի հետ հարեւանությունից:

 

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները: Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի եւ կեղծիքի քաղաքականությանը, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետեւանքն է նաեւ նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը: Պատմությունը ցույց է տվել, որ նման քաղաքականությունը բացասական հետևանքներ է ունենում հենց Ադրբեջանի համար: Մի բան ակնհայտ է` նրանք ոչինչ չեն սովորել եւ ոչինչ էլ չեն մոռացել»: