Անգելա Մերկել

Նախորդ տարվա ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև միակ կին գործիչն է` ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի ամենաբարձր տեղերում` եզրափակելով պատվավոր հնգյակը:

Աշխարհի ամենաազդեցիկ 59-ամյա կին գործիչը շարունակում է մնալ Եվրամիության քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում ամենաառանցքային կերպարներից մեկը:

Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում է 2005 թվականից ի վեր: «Ֆորբս»-ի` աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում Մերկելը վերջին 10 տարում 8 անգամ վերև է բարձրացել:

Դիլմա Ռուսսեֆ

Բրազիլիայի 65-ամյա նախագահը, ըստ «Ֆորբս»-ի, 2013 թվականի աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ կինն է:

Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2011 թվականին և այսօր համարվում է աշխարհում կարևորագույն դեր խաղացող կանանցից մեկը: Նրա ղեկավարած երկրի տնտեսությունն աշխարհում 7-րդն է:

Ռուսսեֆի գլխավոր նպատակն է արագացնել երկրի տնտեսական աճը և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը:

Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն այժմ ամուսնալուծված է: Երկրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր, որը 2010-ին նրան թոռնիկ է պարգևել:

Մելինդա Գեյթս

48-ամյա Մելինդան, ըստ «Ֆորբս»-ի, աշխարհի երրորդ ամենաազդեցիկ կինն է Անգելա Մերկելից և Դիլմա Ռուսսեֆից հետո: Նա ամերիկացի է, «Բիլ և Մելինդա Գեյթսերի» հիմնադրամի համանախագահը:

«Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ հիմնադրամը նախորդ տարի նախաձեռնել է հումանիտար ծրագրերի մի ողջ շարք, այդ թվում նաև պատասխանատվություն վերցրել մինչև 2018 թվականը վերջ դնել աշխարհում պոլիոմելիտ հիվանդությանը:

Բարեգործական նպատակով իրականացված ընկերության ծախսերը կազմել է 3,4 միլիարդ դոլար, որից մեծ մասը` առողջապահական ծրագրերի ուղղությամբ: 2000 թվականին` հիմնադրամի ստեղծման պահից սկսած, Բիլլ և Մելինդա Գեյթսերը բարեգործական նպատակներով շուրջ 26 միլիարդ դոլար են ծախսել:

Մելինդա Գեյթսը երեք երեխաների մայր է:

Միշել Օբամա

ԱՄՆ 49-ամյա առաջին տիկինը 2012 թվականին վարկանշային նույն աղյուսակում գրավում էր 7-րդ տեղը, սակայն նախորդ տարի նա բավականին մեծ քայլ է կատարել` հասնելով 4-րդ տեղին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը, որը երկու դուստրերի մայր է, ոչ միայն նախագահի տիկնոջ դեր է կատարում, այլև ինքն իր հերթին ազդեցիկ կերպար է քաղաքական-հասարակական դաշտում: Նա իր ղեկավարության տակ է առել մանկական գիրության դեմ պայքարն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը:

Բարաք Օբամայի իմիջին քիչ չի նպաստում նաև այն փաստը, որ ամերիկացիների գրեթե 70 տոկոսը դրական է տրամադրված նրա կնոջ հանդեպ: Իսկ անձամբ նախագահի վարկանիշը ակնհայտ պակաս է` 47 տոկոս: Նման տարբերությունը հասկանալի է, եթե հաշվի առնենք Միշել Օբամայի հաճախակի հայտնվելը հանրաճանաչ հեռուստաշոուներում:

Հիլլարի Քլինթոն

ԱՄՆ 65-ամյա նախկին պետքարտուղարը, ըստ «Ֆորբս»-ի, 2013-ին գրավում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` չնայած որ սա նրա համար հետընթաց է. Հիլլարին 2012-ին աղյուսակում 2-րդն էր:

Դա ինչ-որ տեղ նաև հասկանալի է, քանի որ Քլինթոնն այսօր հանգստանում է քաղաքական «ճակատամարտերից»: Սակայն «Քվեարկիր Հիլլարիի օգտին» նախագահական կամպանիայի սպասումն ամենևին էլ անհիմն չէ. դեմոկրատների 65 տոկոսը պատրաստ է սատարել էքս-պետքարտուղարին` որպես կուսակցության միակ թեկնածու: Այո, Հիլլարի Քլինթոնի ռեզյումեն ավելի, քան ազդեցիկ է` առաջին տիկին, պետության ղեկավարի թեկնածու, պետքարտուղար:

 

Աղբյուր՝ Անի Գասպարյանի բլոգ