Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարել է, որ չէր սպասում երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հարաբերությունների «նման վատթարացում», հաղորդում է Новости-Грузия-ն:

ԶԼՄ-ներում հաճախ շրջանառվում է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հարաբերությունների թեման նախագահի հետ: Կարծիք կա, որ վարչապետը «մի կողմ է դնում» պետության ղեկավարին, երբ խոսքը երկրի համար առավել կարևոր հարցերի մասին է: Նրանց առճակատման մասին կրկին խոսել են, երբ հարց է առաջացել, թե ով պետք է գնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին:

 «Ես շատ եմ անհանգստանում այս խնդրով: կխաբեմ, եթե ասեմ, որ շատ եմ մտածում այդ մասին, բայց, անկասկած, ցավում եմ նրա համար, թե ինչ է կատարվում վերջին շրջանում: Ես չէի սպասում հարաբերությունների «նման վատթարացում»»,-նշել է Ղարիբաշվիլին և հավելել.

«Ես հավատում եմ, որ և՛ նախագահը, և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը, և՛ դատարանը, և՛ ԶԼՄ-ները, որոնք մեծ պատասխանատվություն ունեն, կաշխատեն իրենց պարտականությունների շրջանակներում: Եթե ամեն մեկն իր գործն անի, ես հավատում եմ, որ երկրում ամեն ինչ լավ կլինի: Մենք չպետք է խառնվենք միմյանց գործերին: Դա ամենակարևորն է: Երբ խառնվում են միմյանց գործերին, այդ ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունենում»: