Մարգվելաշվիլիին հարած փորձագետները «բորբոքում են» նրա ամբիցիաները, ինչով «արջի ծառայություն» են մատուցում նրան: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին, հաղորդում է Новости-Грузия-ն: Լրատվամիջոցը հրապարակել է նախկին վարչապետի մեկնաբանությունը ներկայիս նախագահի՝ Մարգվելաշվիլիի, և վարչապետի՝ Ղարիբաշվիլիի կառավարության լարված հարաբերությունների վերաբերյալ:

ԶԼՄ-ներում հաճախ շրջանառվում է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հարաբերությունների թեման նախագահի հետ: Կարծիք կա, որ վարչապետը «մի կողմ է դնում» պետության ղեկավարին, երբ խոսքը երկրի համար առավել կարևոր հարցերի մասին է: Նրանց առճակատման մասին կրկին խոսել են, երբ հարց է առաջացել, թե ով պետք է գնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին:

«Երկու-երեք հոգի, ովքեր իրենց համարում են փորձագետներ, բայց իրականում հետազոտության տարրական հմտություններին չեն տիրապետում, «արջի ծառայություն» են մատուցում Մարգվելաշվիլիին` «բորբոքելով» նրա ամբիցիաները: Ծիծաղելի իրավիճակում են հայտնվում և′ նախագահը, և′ երկիրը: Առաջին հերթին, սրանից տուժում է նախագահ Մարգվելաշվիլիի իմիջը»,-հայտարարել է Իվանիշվիլին «Квирис Палитра»-ին տված հարցազրույցում: