Կիև-Թբիլիսի չվերթը իրականացնող Ուկրաինական ավիաընկերություններին պատկանող օդանավը 25 ադրբեջանցիներով արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին Diaspora TV-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այդ չվերթի ուղևորներից մեկը` Սաֆարալի Բաբաևը:

Բաբաևի պատմելով` օդանավում գտնված ադրբեջանցիները վախեցել են Հայաստանում վայրէջք կատարելուց ու խնդրել են օդաչուին Գանձակում վայրէջք կատարել, սակայն ուկրաինացի օդաչուն մերժել է նրանց խնդրանքը: Բաբաևը նաև պատմել է, որ ադրբեջանցիները վախեցել են իջնել Հայաստանում վայրէջք կատարած օդանավից, մինչև որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նրանց չեն ստիպել դուրս գալ օդանավից: Հավելենք, որ սարսափած ադրբեջանցիները Հայաստանից օդանավով Թբիլիսի են ուղարկվել: