Ինչպես հայտնել ենք, Bloomberg-ի փորձագետները ներկայացրել են 10 ազգային արժույթներ, որոնք մոտակա ժամանակ հնարավոր է արժեզրկվեն, որի պատճառն է օգոստոսի 11-ին Չինաստանի յուանի թուլացման որոշումը։ 10-նյակի մեջ է մտնում նաև հայկական դրամը:

Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի հետ, ով ասաց.

- Ընդհանուր առումով դիտարկումները այնպիսին են, որ զարգացած կապիտալի շուկայով երկրները, վերակառուցումը ավարտում են արդեն, ինչի հետևանքով, շատ ավելի ցածր դրույքաչափով կապիտալը վազում է դեպի զարգացած երկրների շուկաները, որովհետև, չնայած այնտեղ դրույքաչափը ցածր է, բայց վստահության աստիճանը շատ բարձր է, իսկ մնացած՝ զարգացող երկրների շուկաներում, շատ ծանր է վիճակը: Դրանց մեջ մտնում է նաև Հայաստանը:

Սա որոշ չափով կապված է նաև ռուբլու հետ, իսկ ռուբլին կապված է նավթի գների հետ, որոնք վերջին 2 տարվա ընթացքում աննախադեպ անկում են ապրել՝ մոտավորապես 50 տոկոս և հնարավոր է, որ ավելի իջնի. կանխատեսումները այնպիսին են, որ մինչև 25 դոլար կարող է իջնել՝ պարսկական նավթի արտահանման հետևանքով: Այս ամենը շաղկապելով, պարզ է դառնում, որ եթե կանխատեսումները խիստ սուբյեկտիվ չեն, ապա դրամը կարժեզրկվի:

Դրամի արժեզրկումը այսօր հավանական է՝ հաշվի առնելով, որ զարգացող երկրներում կապիտալի արտահոսք է նկատվում՝ նավթի գների անկման հետևանքով: Ռուբլուն կապված արժույթները կիջնեն ռուբլու հետ միասին և պետք չէ «7 թիզ ճակատ» ունենալ հասկանալու համար, որ հայկական դրամը ևս հնարավոր է իջնի:

Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան այս գործընթացները:

- Որոշ երկրներ ուրախանում են, որովհետև արտահանման հնարավորությունները կտրուկ բարձրանում են իրենց համար, բայց, եթե դիտարկենք Հայաստանը ինչ է արտահանում, ինչքան է արտահանում և այդ արտահանման արդյունքում դրական ինչ կարող է լինել, երևի թե պատկերը հուսադրիչ չէ:

Նախորդ տարվա ֆինանսական ցնցումը մեխանիկական միջոցների կիրառմամբ է կասեցվել: Այսինքն՝ բանկերին պարտադրվել է արժութային ռեզերվի կրճատում, իսկ այս անգամ կգնան դրան, թե՝ ոչ, դժվար է ասել: