Ինչպես հայտնել ենք, Արմավիրի մարզի գյուղերում (Գեղակերտ, Ծաղկալանջ) մարդիկ չկարողանալով իրացնել ստացված բերքը՝ վարունգը, ստիպված են եղել այն նետել աղբամանը: Միայն Գեղակերտում աղբանոցում է հայտնվել 400 տոննա վարունգ: Այս մասին YerevanNews.am-ը պարզաբանում ստացավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից:

Նշենք նաև, որ ավելի վաղ, երբ դեռ վարունգը չէր փչացել, խոսելով խնդրի մասին, նա հայտարարել էր, որ իրենք կաջակցեն գյուղացիներին բերքը իրացնելու գործում: Պատասխանելով մեր հարցին պարոն Մակարյանն ասաց.

- Խնդիրը որտեղից առաջացավ... Նախկինում այդ գյուղերից արտահանումն իրականացնում էին վրացի արտահանողները: Այս տարի Վրաստանում և Ռուսաստանի հարավային շրջաններում բերքի առատ ծավալ կար: Այսինքն, արտահանողներին այլևս ձեռնտու չէր այդ գներով և պայմաններով արտահանում իրականացնել, որովհետև մրցունակ չէր: Դրա համար այսպիսի խնդիր առաջացավ: Եվ հաջորդ խնդիրը՝ մեր մոտ բերքի առատությունն էր: Մենք խնդրել ենք, բանակցել ենք վերամշակողների հետ: Կային նույնիսկ կազմակերպություններ, որոնք իրենց մթերման տարեկան ծրագրերը կազմել էին, մենք խնդրել ենք, որ ավել մթերեն: Մեծ չափի վարունգի իրացման ճանապարհը ևս ցույց տվել ենք:

Այդ գյուղերը մշտապես վարունգի արտադրությամբ զբաղվել են: Մի քանի տարի այդ գյուղերից արտահանումն իրականացրել են վրացի արտահանողները, ինչը եղել է ձեռնտու: Գյուղացիներն էլ, մոտիվացված լինելով, ցանել են:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե որոշակիորեն կփոխանցվեն արդյո՞ք գյուղատնտեսների կրած վնասները պատաստանեց, որ իրենց օրակարգում նման հարց չկա, սակայն, Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը բարձրացրել է ոռոգման ջրի ծախսերի զեղչման հարցի մասին. այս առընչությամբ փոխնախարարն ասաց, որ այս հարցը կքննարկվի Արմավիրի մարզպետարանում: 

Իհարկե, փոխնախարարը խոսում էր վստահ և առոգանությամբ, սակայն առաջանում է մի պարզ ու միևնույն ժամանակ բարդ հարց. ինչումն է կայանում Գյուղատնտեսության նախարարության առաքելությունը կամ գործունեության, գոյության, ֆինանսավորման, աշխատանքի իմաստը, եթե յուրաքանչյուր պարագայում գյուղացիները կրում են վնասներ: Այս նախարարության անարդյունավետ գործունեության արդյունքում տուժում է ամբողջ համակարգը: 

Գյուղատնտեսների մեծամասնությունը իր գործունեությունը ծավալել է փոխառու միջոցների հաշվին, որոնք վաղ թե ուշ պետք է վերադարձնել, սակայն իրերի նման զարգացման պարագայում փակուղային իրավիճակ է ստեղծվում: 

Միևնույն ժամանակ պարզ երևում է նաև, որ այս իրավիճակի առաջացման համար պատասխանատու և մեղավոր է ոչ միայն Գյուղատնտեսության նախարարությունը, այլ մի շարք պետական կառույցներ և մարմիններ: Անգործություն համակարգում կրում է համատարած բնույթ...