«Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Նևրոզը դարի հիվանդություն. հիվանդության դրսևորումը երեխաների, ինչպես նաև մեծահասակների մոտ» թեմայով ասուլիս, որի բանախոսներն էին սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի դոցենտ Մարատ Զաքարյանը և հոգեբան «PsyLife» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Խաչատրյանը:

Մարատ Զաքարյանը նշեց, որ նևրոզը բոլոր հիվանդութունների մոտավորապես մեկ երրորդն է կազմում: Նևրոզի 80-85% դեպքերում առաջանում են սեռական խանգարումներ: Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է: Այսինքն չկա որևէ մի օրգանական ախտահարում, կա միայն օրգանների ֆունկցիայի խանգարումներ: Նևրոզը հիմնականում առաջանում է ստրեսներից հետո: Նևրոզը լինում է երեք տեսակ. նևրաստենիա, հիստերիկ նևրոզ` հիստերիա և կպչուն մտքերի նևրոզ: Ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները: Այս հիվանդությունը հիմնականում բուժվում է կոմպլեքս ձևով՝ համակցված: Առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչից առաջացավ այդ հիվանդությունը, պետք է գտնել և վերացնել պատճառը:

Նևրոզների հիմնական, արմատական բուժումը հոգեթերապևտիկ բուժումն է: Հոգեթերապիան պետք է ուղղված լինի անձի նյարդային համակարգի և հոգեկան համակարգի լավացմանը: Սա առաջին հերթին արվում է նրա համար, որ մարդն ինքը կարողանա կարգավորել իր նյարդային և հոգեկան համակարգերը:

Լիլիթ Խաչատրյանն անդրադարձավ մանկական նևրոզներին՝ ասելով, որ դրանք մեր օրերում իսկապես լայն տարածում են ստացել: Դաստիարակության ոճը մեծ նշանակություն ունի, ընդհանուր ընտանեկան հարաբերությունները՝ մշտական կոնֆլիկտները, լարված իրավիճակները, գերպահանջկոտությունը երեխաներից, գերպարտականությունները, պարտականությունների չկատարման դեպքում իրականացվող պատիժները, ծեծերը:

Սրանք նևրոտիկ բնույթի լարվածություններ են, որոնք կարող են երեխաների մոտ նևրոզներ առաջացնել: Նաև շատ կարևոր տրավմատիկ իրադարձությունները. ծնողների բաժանությունները, ծնողներից մեկի կորուստը, հարազատներից մեկի մահը կամ դպրոցների և բնակության վայրի հաճախակի փոփոխությունները: Նևրոզի հիմնական, առանցքային մասն անձի ներսում տեղի ունեցող կոնֆլիկտն է: Երկու բախում է, որը երեխան պետք է կարողանա լուծել և արդյունավետ լուծում բնականաբար երեխան չի կարողանում գտնել: Այս բախումների հետևանքն է, որ մենք սկսում ենք խոսել նևրոտիկ քայքայման մասին: Ի տարբերություն մեծահասակների՝ երեխաների մոտ մոնոսիմպտոմ է:

Հիմնականում՝ տրամադրության անկում, վեգետատիվ շարժումներ կարող են լինել, վախվորածություն, փակվածություն, մեկուսացվածություն: Երեխաների մոտ շատ տարածված է նևրաստենիան, ընկճվածությունը, որի պատճառով երեխան կարող է նույնիսկ դպրոց չգնալ: «Ես հիվանդ եմ» պաշտպանական մեխանիզմն է գործում երեխայի մոտ այս դեպքերում: