Բազմաթիվ անգամներ ենք խոսել ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեղմ ասած անարդյունավետ աշխատանքի մասին: Երեկ անդրադարձել ենք նաև ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի իրականությունից հեռու պատճառաբանումներին, իբրև թե՝ գյուղապետերն ու գյուղացիները ստում են, ոչ մի բերք էլ չի փչացել, ոչինչ չի թափվել: 

Որպես հակադարձում գյուղնախարարի հայտարարությունը զրույց ունեցանք Արմավիրի մարզի Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանի հետ: Նշենք նաև, որ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նախկինում մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենք գյուղացիներին առաջարկել իրենց վարունգը վաճառել քաղաքի տոնավաճառներում, սակայն համաձայնվել էր միայն մեկ հոգի: Այժմ այս հարցով YerevanNews.am-ը զրուցեց գյուղապետի հետ, ով ասաց.

- Մեզ էլ է եղել այդ առաջարկը... դե հիմա արդեն վարունգ չկա, այն ժամանակ էլ չէր վաճառվում, ավելորդ ծախսեր պետք է անեի,ն տանեին այնտեղ ու չվաճառվեր: Մարդիկ հաստատ համոզված էին, որ չէր վաճառվելու: Եթե պետք է վաճառվեր 50-100 կգ, դա ի՞նչ... նույնիսկ ճանապարհածախսը չէր հանի:

Այ հենց հիմա նույնը առաջարկեցին ծաղկաղամբի համար: Նույն վիճակը հիմա էլ ծաղկակաղամբի հետ է: Ծաղկաղամբը կա, բայց չի վաճառվում... է որ տանեն այնտեղ նորից չի վաճառվելու, բայց ճանապարհածախսը շատ թանկ հաճույք է: Գոնե պետք է վաճառվի, չի վաճառվում, այդ է հարցը:

Գյուղացիները այս առաջարկից հրաժարվե՞լ են:

- Այո, բոլորն էլ հրաժարվեցին: Բերքը ահագին է, տոննայով չեմ կարող ասել, բայց ահագին ունենք: Դե արդեն տեր էլ չեն կանգնում, չի վաճառվում... վարունգի պես տեր էլ չեն կանգնում էլի: Ծաղկաղամբը նուրբ բույս է, որին պետք է տեր կանգնել, թե չէ դեղնում է, փչանում է: Իսկ վարունգը ընդհանրապես փչացավ, թափեցին, վերջացավ գնաց...

Իսկ այս կրած վնասների համար որևէ փոխհատուցման, զեղչի, օգնության խոստում չի եղել:

- Ոչ մի բան...

Նույնը նաև սմբուկի վիճակն էր: Դե մեր մոտ չկա, բայց ուրիշ տեղեր խաղողն էլ է մնացել:

Իսկ ինչպիսին է գյուղացիների սոցիալական վիճակը:

- Շատ վատ, վարկերը չեն կարողանում փակել: Ոչ մի ընդառաջում էլ չկա: Գոնե վարկերի հարցում ինչ-որ լուծում տային, էն էլ չեն տալիս... մենք վարչապետի մոտ էլ բարձրաձայնեցինք, այդպես էլ ոչ մի հարցի լուծում չտվեցին՝ պատճառաբանելով, թե ցածր տոկոսով սուբսիդավորված վարկ ենք տալիս, այն էլ ոչ բոլորին է տալիս... ոչ բոլորն են օգտվում դրանցից: Շատ վատ է... բանկերի հետ է հիմնականում խնդիրը:

Ինչպես են մարդիկ այս պայմաններում պատրաստվում ձմռանը:

- Ճարելով՝ ստեղից-ընդեղից... ինչ-որ մի ձև: Ավելի վատ քան նախորդ տարիներին:

Մարդիկ կան, որ արդեն ցանկանում են մեկնել

- Այո, այո... մասնավորապես այդ վարունգների սեզոնին: Այդ վարկերը պետք է փակվի, ինչ-որ լուծում պետք է գտնեն... շատերը գնացին դուրս, բայց չգիտեմ ինչ պետք է լինի, դրսում ի՞նչ պետք է լինի:

Գյուղապետը նշեց նաև, որ ծաղկաղամբի կիլոգրամը այժմ վաճառվում է 30-50 դրամ, էժան էլ են տալիս, միայն ուզող լինի: 

Հուսով ենք, որ գոնե այս անգամ գյուղացիների և մեր խոսքերը կհասնեն հարգարժան Սերգո Կարապետյանին և պատասխանատու մյուս մարմիններին, ովքեր կգտնեն որևէ լուծում գյուղացու խնդիրներին լուծում տալու համար: