Վահագ Ռաշ. երգիչ ով առանձնանում է: Հայկական իրականության մեջ նա այն երգիչներից է, ով ունի իր ուրույն ոճը, որը գերել է շատերին: Չնայած համատարած քաոսին նա չի դավաճանում իր երաժշտական ճաշակին և շարունակում է ստեղծագործել նույն ոճով՝ չմոռանալով հայ ազգի մեծերին: Թե ինչպես նա որոշեց իր կյանքը նվիրել երաժշտությանը և դառնալ յուրահատուկ, YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) փորձեց պարզել նրա հետ զրույցում:

Վահա՛գ, հայկական իրականության մեջ Դուք այն քչերից եք, ով ունի իր յուրահատուկ ոճը: Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին: Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել երաժշտությամբ:

- Երաժշտությունը միշտ եղել է իմ կյանքի անբաժանելի մասը, մանուկ հասակից լսել եմ բազմաթիվ երգեր, նաև ծնողներիս նվագի, երգի ու կիթառի հնճյունների տակ եմ քնել, բնականաբար դա իր ազդեցությունը և հետևանքը պետք է ունենար իմ երաժշտական ճաշակի և հետագայում երաժշտությամբ զբաղվելու մեջ: Առաջին քայլերս արել եմ 9 տարեկանում, երբ հաճախում էի դաշնամուրի, հետո ուսուցիչս Հայաստանից մեկնեց և թողեցի ուսումը, արդեն 14 տարեկան էի, երբ երաժշտական դպրոցում նոր ուսուցիչ եկավ՝ կիթառի դասերի համար: Եվ որոշեցի շարունակել կիթառի գծով, մինչ այդ թեթև նվագել գիտեի, մի քանի ակորդ, որոնք հայրիկս էր սովորեցրել, սկսեցի նվագել և հետո մասնակցեցի տարբեր քաղաքային և հանրապետական մրցույթների՝ զբաղեցնելով պատվավոր հորզինականներ, երգելու մասին այդ ժամանակ խոսք էլ չկար: Իմ կարծիքով ես երգելուց բավական հեռու էի, երբ դասղեկս որոշեց Beatles խմբի միջոցառում կազմակերպել ես այդտեղ երգեցի 3 երգ, կարելի է ասել երգի ասպարեզում առաջին բեմս էր:

Իսկ ինչպե՞ս որոշեցիք, որ Ձեր ուղին պետք է ընթանա հենց այդ ճանապարհով: Ինչո՞ւ բազմաթիվ երաժշտական ուղղություններից ընտրեցիք այդ միակը:

- Եկան ուսանողական տարիները, կիթառ նվագում և երգում էի ինձ համար, մի քանի անգամ համալսարանի միջոցառումներին մասնակցեցի, բայց այդ ժամանակ տարված էի ուսումով և երգը թողել էի 2 պլան:

Բանակային տարիների ընկերական շրջապատս հիմնականում ռոք լսողներ էին և կարելի է ասել նրանցից սկսվեց, որ ես սիրեցի ռոքը և որոշեցի զորացրվելուց հետո երգել հենց ռոք ոճում, սակայն զարացրվելուց հետո աշխատանք, անձնական խնդիրներ և էլի շատ խանգարող բաներ կային, այդպես 4 տարի անցավ և 2009 թվականին ուղղակի մի երգ ձայնագրեցի և ուղարկեցի ռուսական մրցույթներից մեկին, որում երգը հաղթեց և ես ստացա մեկ երգ անվճար գործիքավորելու հնարավորություն, այդտեղից սկսվեց իմ այսօրվա կարիերայի սկիզբը:

Ըստ Ձեզ, ինչպիսի իրավիճակ է այժմ տիրում հայկական մշակութային աշխարհում: Ինչ մակարդակում է գտնվում մեր «շոու բիզնեսը»:

- Մշակութային աշխարհում շատ տաղանդավոր և նույնիսկ հանճարեղ մարդիկ կան, բայց ցավոք այդ մարդկանց քչերն են ճանաչում, քանի որ երգեր ձայնագրել, երգ գնել, բառեր պատվիրել, տեսահոլովակ նկարել կամ նման բաները բավական թանկ հաճույքներ են և ամեն ոք իրեն չի կարող թույլ տալ, ուստի կարելի է ասել այժմյան ճանաչում ունեն այն երգիչները որոնք երկար ժամանակ է բեմին են, կամ նրանք որոնք ինչ ինչ միջոցներով իրենց համար կաողանում են գումար հայթահայթել և երևալ էկրանին: Իսկ շոու բիզնես Հայաստանում գրեթե գոյություն չունի, այժմյան երգերը մեծամասամբ գրվում են քեֆերին կատարելու համար, այսինքն երգիչը մտածում է, որ ավելի նպատակահարմար է հարսի, փեսայի, քավորի, սանիկի, հարսնաքրոջ հոբելյարի կամ մեկ այլ միջոցառման հերոսի մասին երգ գրի և գումարով հետո գնա երգելու, քան ինչ-որ գեղեցիկ բան ստեղծի, որը տարիներ շարունակ կլսեն և չեն հոգնի:

Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ըստ որի Դուք սկսեցիք ստեղծագործել մեր հայ դասականների ստեղծագործությունների հիման վրա:

- Քանի որ հայրս ուներ մի քանի երգ որոնք գրվել էին դասականների բառերով, որոշեցի շարունակել, հետո հասկացա, որ ինձ լսողները և իմ երգերը սիրողները սիրում են իմ երգարվեստը հենց դրա համար և որոշեցի այդպես էլ կոչվել, ռոքային էլեմենտներով հայ դասականների բառերով երգեր գրող և կատարող՝ Վահագ Ռաշ:

Ինչպիսի՞ հետաքրքիր համագործակցություն եք ունեցել երաժիշտների հետ, որոնք տպավորվել են Ձեր մեջ:

- Երգի բնագավառում ես ինչ անում եմ ինձ համար տպավորիչ է և հաճելի, քանի որ դա իմ հոգու ընտրությունն է: Շատ հաճելի է աշխատել Գիսանե Պալյանի և Կարեն Արզումանյանի հետ, նրանք ինձ օգնում են գործիքավորման գործում: Հաճելի է աշխատել ռեժիսորներ Արտյոմ Հակոբյանի, Խաչիկ Եղոյանի, Արտակ Զիլֆիմյանի հետ, դուետներ եմ կատարել Եվա Սուջյանի և Նարինե Դովլաթյանի հետ: Պատրաստում եմ նոր դուետ շատ տաղանդավոր մի երգչուհու հետ՝ շուտով կտեսնեք:

Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում: Շարունակելու եք աշխատել նույն ոճում, թե՞ երկրպագուներին անակնկալներ են սպասվում:

- Շատ ծրագրեր կան, ինչպես նկատել եք գրեթե ամեն ամիս նոր երգ եմ ներկայացնում և որոշել եմ հնարավորինս պահպանել ավանդույթը: Կլինեն նոր երգեր, հին երգեր նոր գործիքավորմամբ և մատուցմամբ, տեսահոլովակ կամ տեսահոլովակներ, մենահամերգ: Մի հետաքրքիր մրցույթ են որոշել անցկացնել մոտ ժամանակներս և հաղթողին նվիրել իմ կիթառներից մեկը, մանրամասները կասեմ գարնանը:

Մի խոսքով հետևեք իմ գործունեությանը և չեք ձանձրանա: