Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հետ:

-Այսօր քարոզարշավի վերջին օրն էր, ամփոփելով քարոզարշավը, ինչպիսի՞ն էր այն, ձեր կուսակցության համար:

-Երբ ուշադիր, նորմալ, գրագետ փորձենք գնահատենք, մենք տեսնում ենք, որ բոլոր թեկնածուների մեջ ամենաշատ իմացողը` տեղական ինքնակառավարման, Երևան քաղաքի, Երևան քաղաքի գործառույթների մասին, իմ կարծիքոց ամենալավը դա Տարոն Մարգարյանն է:

-Մնացած թեկնածուների մասին ի՞նչ կասեք:

-Մնացած թեկնածուների ներկայացրած փաստարկները, իմ մոտ այն տպավորությունն են թողել, որ այդ մարդիկ, եթե ուզում էին գնային նման ընտրարշավի, ունենային հաջողություն, ապա գոնե մեկ անգամ պետք է տեղական ինքնակառավարման մասին կարդային և մեկ անգամ էլ Երևանի մասին օրենքը, որ գործառույթների մասին խոսելուց, չխոսեին այնպիսի բաներից, որ երբ-որ մի մարդ դրանից հասկանում է ու գիտի, որ միանգամից սխալն ու ոչ ճիշտ ներկայանալը չտեսնի: Այսինքն, իրանք համոզված են նրանում, որ ժողովուրդն այդ մանրամասնությունները չգիտի, իրենք ինչ ուզեն կարող են խոսել, որը ընդհանրապես կապ չունի քաղաքապետարանի գործառույթների հետ: Ամենաիմացողը և ամենագրագետն այդ ոլորտում` Տարոն Մարգարյանն է:

-Հաճախ ենք Ձեր կուսակից ընկերներից լսում, որ վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է եղել: Արդյո՞ք համամիտ եք Ձեր կուսակից ընկերների հետ:

-Իհարկե համամիտ եմ:

-Այսինքն, որպես նախկին քաղաքապետ թերագնահատու՞մ եք Ձեր աշխատանքը:

 -Ոչ, ես ինքնագովեստով զբաղված չեմ, դա չի նշանակում, որ ես իմ աշխատանքը թերագնահատում եմ:

-Մամուլում շատ հաճախ են շրջանառվում, որ դուք ստիպված եք մասնակցում Տարոն Մարգարյանի քարոզարշավին: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես իմ ամբողջ կյանքում երբեք ստիպված ոչ մի բան չեմ արել, երբեք:

 Զրուցեց` Անի Բաղդասարյանը