Ստորև ներկայացնում ենք ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հարցազրույցը.

-Ճի՞շտ է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անձամբ է Ձեզ հորդորել, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորեք:

-Օրինաց երկիր կուսակցությունն է առաջարկել, ես համաձայնվել եմ: Դա եղել է, ոչ թե նախագահի, այլ ՕԵԿ-ի որոշումը:

-Այս անգամ ՕԵԿ-ն այնքան ձայն հավաքեց, որքան նախորդ անգամ, երբ ցուցակը գլխավորում էր Հեղինե Բիշարյանը: Ի վերջո պարտությունը ու՞մն եք համարում:

-Մենք կուսակցության հետ միասին ենք հավաքել այդ ձայները:

-Տեսակետ կա, որ այդ ձայները հավաքվել են Ձեր վարկանիշի շնորհիվ, կիսու՞մ եք այս տեսակետը:

-Ես գտնում եմ, որ սա մեր ՕԵԿ-ի ընդհանուր ձայներն են և մենք միասին ենք աշխատել իմ գլխավորությամբ և գտնում եմ, որ ինչ ձայներ էլ, որ հավաքել ենք, դա մեր կուսակցության մյուս անդամների շնորհիվ է եղել:

-Ասում էին, որ դուք ոստիկանապետ էիք նշանակվելու, ինչու՞ այնուամենայնիվ շարունակեցիք մնալ նախարարի պաշտոնում:

-Ես չեմ լսել նման բան և մեր ոստիկանապետն այսօր իր առջև դրված խնդիրները կատարում է և շատ լավ:

-Այսինքն նախարարներին փոխում են միայն դրա՞ պատճառով:

-Կարծում եմ նաև դրա պատճառով է: Նախարարները պետք է իրենց առջև դրված խնդիրները կատարեն:

-Ստացվում է, որ Հասմիկ Պողոսյանն ավելի լավ էր աշխատում, քան էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյա՞նը:

-Ես չեմ կարող գնահատական տալ, այդ գնահատականները կարող են տալ ղեկավարները:

-Ձեր կուսակցությունը ընտրակեղծիքներ հայտնաբերե՞ց:

-Խախտումներ եղել են, նաև հարուցվել են քրեական գործեր և կարծում եմ, որ ովքեր խախտումներ թույլ են տվել, պետք է ենթարկվեն և քրեական և վարչական պատասխանատվության:

-ՀՀԿ-ն խախտումներ արե՞լ է:

-Ես տեղյակ չեմ:

-Ձեր համար ընտրություններն արդար և թափանցի՞կ էին:

-Միանշանակ ես ընդհանուր գնահատականը տալիս եմ դրական, որովհետև ես գտնում եմ, որ իրոք նորմալ աշխատանքներ են տարվել, բայց որոշ բացթողումներ և թերություններ եղել են:

-Ձեր և «կարկառուն» ՕԵԿ-ականների միջև տարաձայնություննե՞ր կան:

-Ընդհանուր առմամբ ուզում եմ, որ բոլորը գիտակցեն, որ բոլոր ղեկավարները պետք է խոսեն բոլոր բացթողումների մասին, որը ես անձամբ տեսել եմ ևխոստացել եմ, որ այն խնդիրները, որոնք տեսել եմ, առաջ եմ քաշելու և կարծումեմ իմ գործընկերները նույնն  են անելու:

-Դուք լա՞վ եք աշխատել:

-Գնահատականը տալիս է հանրությունը, վարչապետը, նախագահը և ոչ թե ես: Ես աշխատել եմ այնքան, ինչքան կարողացել եմ, կարծում եմ իմ աշխատանքները կտանեմ առաջ:

-Մի շարք նախարարների ոլորտներից կային դժգոհություններ, բայց նրանք վերանշանակվեցին, ո՞րն էր տարամաբանությունը նրանց կրկին վերանշանակելու:

-Ես չգիտեմ ում մասին է խոսքը եղել:

-Բնապահպանության, էներգետիկայի, մշակույթի նախարների մասին է խոսքը:

-Ես տեղյակ չեմ այդ խոսակցություններից, եթե պետք է փոխվեին, փոխվել են, եթե չեն փոխվել, ուրեմն իրենց առջև դրված խնդիրները կատարել են մարդիկ:

-Բայց հանրությունը դա չի զգում:

-Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի: Եթե յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար իր գործով զբաղվի և չքննադատի մյուսներին, կարծում եմ դա ավելի ճիշտ կլինի:

-Տարոն Մարգարյանի հաղթանակի ո՞ր տոկոսն է իրեն պատկանում, և որը ՀՀԿ-ին:

-Ընդհանուր, ես կարծում եմ գնահատականը պետք է տալ կուսակցությանը, որովհետև կուսակցությունն է  աշխատանքը տարել, բայց դրա հետ մեկտեղ Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքների շնորհիվ էր:

-Ձեր սպասելիքները չարդարացվեցին, հիասթափությունները մե՞ծ են:

-Ոչ, ես կարծում եմ, որ պետք է գնալ առաջ, իմ նախարարաությունը անելիքներ շատ ունի, ես ունեմ ծրագրեր, ունեմ ներկայացված հայեցակարգեր և մենք միասին ենք գնալու առաջ, ես խոստացել եմ, որ տեսնելու ենք լավ Երևան, ես էլ եմ կանգնելու մեր քաղաքապետի կողքին և անելու եմ այն, ինչ կարող եմ անել:

-ՕԵԿ-ի մասնակցությունը ավագանու ընտրություններում, ՀՀԿ-ի հետ գործարքի արդյու՞նք էր:

-Ոչ: Եթե մենք համապատասխան ձայներ հավաքեին, մենք էլ ավագանու կազմի մեջ կլինեինք:

-Արդյո՞ք Ձեր հավաքած ձայները իրականությանը համապատասխանում են:

-Կարծում եմ այո:

-Ինչու՞ձեզ ավելի շատ ձայն չտվեցին:

-Երևի վստահություն չեմ ներշնչել:

-Ինչու՞ ամբողջ քարոզարշավի ընթացքում ՕԵԿ-ականները ձեր հետ չմասնակցեցին քարոզարշավին:

-Ես ուր գնացել եմ  այնտեղ մեր կուսակցության տեղի ղեկավարները եղել են և ես եմ ներկայացրել ծրագիրը, հետևաբար կարծում եմ ինձ օգնելու կարիք չկար:

-Ձեզ չի հետաքրքրու՞մ,որ ձեր կոալիցիոն գործընկերը հույսը դրեց թաղային հեղինակությունների վրա:

-Ես չգիտեմ, ես նման ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ յուարքանչյուր կուսակցություն աշխատել է:

-Ի՞նչ էր պակասում ձեզ քաղաքապետ դառնալու համար:

-Դա ես դեռ կմտածեմ, չեմ վերլուծել: Այնպես պետք է անենք, որ երևանցիներն ավելի վստահեն, պետք է յուրաքանչյուրը տեսնի, որ  ղեկավարները կանգնած են իրենց կողքին և հաճախ պետք է հանդիպենք երևանցիների հետ:

-Ձեր կուսակցությունը վարկանիշի բարձրացման խնդիր ունի՞:

-Իհարկե, ես կարծում եմ, որ պետք է ավելի շատ աշխատենք:

-Կոմայգու խնդիրը շարունակելու է չլուծված մնա՞լ:

-Միանշանակ լուծելու ենք: Ես ասել եմ Երևանը երևանցիներինն է, այլ ոչ թե «լյա-լյա»ներինը: Ես դա ասել եմ և պնդում եմ:

-Շատերը Ձեր այս արտահայտությունը վերագրեցին, որպես «տղայական» արտահայտություն, դուք Ձեզ դրանից վատ չզգացի՞ք:

-Ի՞նչ է նշանակում տղայական արտահայտություններ: Ես կարծում եմ, որ ինչ մտածում եմ, այն էլ ասել եմ, և յուրաքանչյուր տղամարդ ինչ մտածում է, պետք է ասի, անպայման չի, որ բոլոր տղաներն աղջկական արտահայտություններ անեն:

-Երևանը երևանցիներինն է ասելով ի՞նչ նկատի ունեք:

-Հպարտանանք, որ երևանցի ենք, ոչ թե վախենանք, որ երևանցի ենք: Այսօր ինչ-որ տեղ ամաչում ենք, որ երևանցի ենք, որովհետև շատերը գյուղերից գալիս են այստեղ հարստանում են, իրենց կամքն են թելադրում: Ես երևանցիներ ասելով ի նկատի ունեմ, ով Երևանում է ապրում և ընդունում է Երևանի օրենքները:

-Բայց ինչու՞ եք Երևանն ու Հայաստանը տարանջատում:

-Չեմ տարանջատում: Ինչու են ապարանցիները տարանջատում, ղարաբաղցիները տարանջատում, ես երևանցի եմ, ինչու՞ չպետք է տարանջատեմ:

-Բայց բացասական առումով են չէ՞ տարանջառոտւմ:

-Ես կլանով չեմ տարանջատում: Տեսել եք, որ Ապարանում լինի երևանցի քաղաքապետ: Չկա չէ, իսկ Երևանում ինչու՞ չպետք է լինի երևանցի:

-Ձեր հանդիպումներից մեկի ժամանակ հետաքրքիր արտահայտություն էիք արել, ասելով, որ մեկը նստում է Արտաշատից թնդանոթներ է կրակում, մյուսը Աբովյանից, երբ ուզում տանկերով մտնում է քաղաք: Ու՞մ նկատի ունեիք այս արտահայոտթյուններն անելուց և արդյո՞ք այդ նույն իրավիճակը նորից չենք ունենալու:

-Այդ իրավիճակը եղել է 90-ական թվականներին: Իմ տարիքի մարդիկ բոլորն էլ գիտեն, թե ովքեր են կրակել, ովքեր են փակել, եկեք դրա մասին էլ չխոսենք, դրանք անցել գնացել են: Այդ ժամանակներն անցել են, ես ավելի քան վստահ եմ, էլ չի կրկնվելու: