Երևանի թիվ 3 ընտրատարածքում՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում «Հայկական վերածնունդ» կուսակցությունից առաջադրվելու է Հեղինե Բիշարյանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը:

«Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել է, որ թիվ 3 ընտրատարածքում լուրջ դիմակայություն է սպասվում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը:

Հիշեցնենք, որ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց այս ընտրատեղամասում միմյանց հետ թեժ պայքարի մեջ էին նույն Բիշարյանն ու Ալեքսանյանը:

Ընտրապայքարից հետո էլ ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել էր, որ Հեղինե Բիշարյանն իր քույրն է. «Մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ»:

Հարցին, թե Հեղինե Բիշարյանն այս անգամ էլ է Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարելու, Առաքելյանը պատասխանեց. «Տիկին Բիշարյանը պայքարելու է իր ձայների համար: Ոմանք կարող են դա մեկը մյուսի դեմ դիտարկել, բայց մենք պայքարելու ենք մեր համար»: