Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակում են հայտնվել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկանդալի կենտրոնում հայտնված դպրոցների և մանկապարտեզների տնօրեններից մի քանիսը։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ Դանիել Իոննիսյանի գլխավորությամբ, բացահայտել և ձայնագրություններ է հրապարակել այն մասին, որ Երևանի և Հայաստանի մի շարք մարզերի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատակիցների և ծնողների միջոցով ձայներ են ապահովել հօգուտ Հանրապետական կուսակցության։

Հայտնի է նաև, որ 30 մանկավարժ դատի է տվել Իոննիսյանին՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, թե իրենք բարոյապես աջակցելու են տնօրեններին։ Ինչպես երևում է՝ «բարոյապես» աջակցելու հետ մեկտեղ ՀՀԿ-ն որոշել է պարգևատրել տնօրեններին ՝ նրանց ընդգրկելով կուսակցության ավագանու համամասնական ցուցակում։

Մասնավորապես՝ Երևանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երևանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը 176-րդն է և Երևանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը 172-րդն է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դանիել Իոննիսյանն ընդգծեց, որ «պարգևատրման» այս ձևը իր համար զարմանալի չէ. «Նրանք ՀՀԿ անդամ են, Հանրապետական կուսակցության համար լավ աշխատել են՝ գոնե այդ կուսակցության ընկալումներով և արժեհամակարգով։ Համենայնդեպս, ինձ համար զարմանալի բան չկա»։

Գոնե նախընտրական շրջանում հասարակական ընկալումներում դրական հետք թողնելու համար արդյոք պե՞տք էր տնօրեններին ներգրավել ցուցակում՝ դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ես չգիտեմ՝ Հանրապետականը կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում նրանց ցուցակ բերելով, կամ ինչպես կազդեն հանրային ընկալումները, բայց հաշվի առնելով, որ շատ է խոսվում և՛ վարչական ռեսուրսի չարաշահման, և՛ ընտրակաշառքի մասին, իսկ ՀՀԿ-ն շարունակում է նույն գործելաոճը, ապա նրանց հանրային կարծիքը շատ չի հետաքրքրում»։

Դանիել Իոննիսյանի կարծիքով՝ հանրությունը բավականին ադեկվատ վերաբերմունք է ցույց տվել և միարժեքորեն ցույց է տվել, որ իշխանությունների հետ այս հարցում տարակարծիք է. «Ակտիվ գործողությունները հետագայում ավելի շատ պետք է լինեն կրթության ոլորտի հետ կապված՝ թե ինչպես այդ ոլորտը խելքի բերել և ինչպես այն ապակուսակցականացնել»։