Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր բիզնեսները: Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այդ մասին, վերջերս էլ նա վաճառել է գազալցակայաններն ու ավազի հանքը: Նշվում է, որ նա արտահանում է իր փողը, մասնավորապես Գերմանիա, որտեղ մտադիր է ինչ որ բիզնես բացել:
Ինքը Հովիկ Աբրահամյանը չի հերքել բիզնեսների վաճառքը, բայց հերքել է, որ արտահանում է իր կապիտալը: «Ափսոսում եմ, որ օպտիմալացմանն ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է», ասել է նա:
Բիզնեսի «օպտիմալացումը» հետաքրքիր է: Հովիկ Աբրահամյանն, ըստ Հետք էլեկտրոնայինի հրապարակումների, տասնյակ ձեռնարկություններ ունի ամենատարբեր ոլորտներում: Ի տարբերություն մյուս օլիգարխների, նա «տրոհել» էր իր բիզնեսները, թերեւս ՓՄՁ կարգավիճակից օգտվելու եւ բիզնեսները դիվերսիֆիկացնելու համար:
Մյուս կողմից, դատելով Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի անդամների գույքի ու եկամուտների հայտարարագրերից, այդ բիզնեսները բավական եկամտաբեր են, եւ հարց է առաջանում՝ ինչու է նա «օպտիմալացնում», այսինքն՝ վաճառում դրանք: Դա կարող է նշանակել երկու բան՝ կամ նրան ստիպում են, կամ էլ այդ բիզնեսները բարգավաճում էին զուտ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական դիրքի շնորհիվ, օրինակ՝ հարկեր ու այլ գումարներ չէին վճարում:
Օրինակ, նույն գազալցակայանների մասով ժամանակին տեղեկություն եղավ, որ դրանք անօրինական են աշխատում: Ով ով, բայց ներկայիս գազավիկ կառավարությունում բոլորից լավ գիտեն, թե ուր են մտնում «լեւի» գծերը, ում է կարելի, ում ոչ, եւ երբ:
Հիմա, երբ Հովիկ Աբրահամյանը պաշտոն չունի, առաջացել է բիզնեսներն «օպտիմալացնելու» անհրաժեշտությունը:
Հովիկ Աբրահամյանն այս տեսակետից օրիգինալ չէ, սա հայկական «մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկ» քրեա-օլիգարխիայի համակարգի բնույթն ու կանոնն է: Համակարգի կանոնները խախտելու համար շնորհազրկվածները զրկվում են ամեն ինչից, նրանց հիշեցնում են իրենց անօրինական գործունեությունը, նրանք հայտնվում են նույնիսկ բանտում:
Այս տեսակետից, Հովիկ Աբրահամյանի հետ մեղմ են վարվել՝ նրան ժամանակ են տվել «օպտիմալացնել» իր բիզնեսները: Կհասցնի՞:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am