«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» http://www.mtad.am/hy/gortoxtragir ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված եւ միասնական քաղաքականություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները.

Օրինակ՝ առաջարկվում է. շրջակայքի աղբոտումը մինչեւ 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով՝ 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով՝ 20 հազար դրամ, շրջակայքի աղտոտումը 1 խմ եւ ավել համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` վաթսունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երկուհարյուրապատիկի չափով: Շրջակայքի աղտոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով /ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական եւ ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով» եւ այլն:

Օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմող, այնուհետեւ այդ գործերը քննող լիազորված աշխատակիցներ ունենալ, ինչպես նախարարության, ոստիկանության, այնպես էլ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լիազորված: Առանձին նախատեսված են վարչական քննություն չպահանջող դեպքերի ընթացակարգը: Առանձին սահմանված են վարչական տուժը կրելուց հետո պատճառած վնասի հատուցման հետեւանքները աղբոտած տարածքի մաքրելու պարտավորությունը, ի կատար չածելու դեպքում ընթացակարգը: Օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի կառավարություն, որից հետո, ըստ ընթացակարգի, կուղարկվի Ազգային Ժողով:

Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին եւ մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված եւ անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են եւս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր եւ մինչեւ 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

««Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կարող եք գտնել ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում բացված «Մաքուր Հայաստան» ենթաբաժնում: Հատուկ ստեղծվել է http://map.transproject.am/ կայքը, նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետեւյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն, իսկ Ֆեյսբուքում բացվել է «Մաքուր Հայաստան» էջը»,-ասված է հաղորդագրության մեջ: