Lragir.am-ը գրում է.

Ելքի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից, մեծ մասամբ անսպասելի էր։ Խոսքն իհարկե այն մասին չէ, որ Հայաստանն իրեն լավ է զգում Մոսկվայի ձեռքի տակ, որ տնտեսությունն աճում է, կամ որ դա անվտանգության հիմնախնդիրների հետ է կապված ու Հայաստանին մեծ փորձանքներ կսպասեն ԵՏՄ-ից դուրս։ Խնդիրն ավելի պարզ է՝ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում էր, որ Եվրամիության եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում ինքը պահպանի էքսկլյուզիվությունը։ Որ ինքը վարի ԵՄ հետ նոր համաձայնագրի բանակցությունները, որ ինքը որոշի ՆԱՏՕ-ական զորավարժություններին մասնակցելու հարցերը, եւ այլն։
Դրա բացատրությունը շատ պարզ է. Սերժ Սարգսյանի համար ակնհայտ է Ռուսաստանի մոտակա կոլապսը եւ իր համար նա փորձում է տեղ ապահովել հետպուտինյան աշխարհակարգում։ Այս խնդիրը նման է երկսայրի սրի։ Մի կողմից որպես կարճաժամկետ խնդիր նրան անհրաժեշտ է նուրբ ձեռնածությամբ մնալ Պուտինի ընտրած անձը Հայաստանում. այս խնդիրը թերեւս առանձին վերլուծություն է պահանջում։ Միաժամանակ, հեռանկարում, անհրաժեշտ է դառնալ միակ քաղաքական ուժը Հայաստանում, այսինքն մնացածին դարձնել անլրջություններ, «օրինաց երկիրներ», ընդամենը խորհրդարանում ինչ-ինչ շարժումներ ապահովողներ, այնպես, որ երբ գա X ժամը, Արեւմուտքը՝ այլոց չգոյության պատճառով, ուզած-չուզած որպես միակ գործընկեր ընդունի Սերժ Սարգսյանին։
Խորհրդանշական է, որ Ելք դաշինքը, որի շատ անդամներ մինչեւ ընտրությունները հանդես էին գալիս Հայաստանի արեւմտյան կողմնորոշման օգտին, ընտրությունների ժամանակ սկսեցին հանդես գալ անհամոզիչ ու անհասկանալի պրոռուսականությամբ։ Պրոարեւմտյան համարվող ՀՀՇ-ն ընդհանրապես հայտնվեց ԲՀԿ-ում ու դանիաներում, իսկ «Ազատ դեմոկրատները»՝ հեռավոր լուսանցքում։ Այս ամենի արդյունքում պարզվեց, որ միայն ՀՀԿ-ն է, որ եւ ռուսամետ էր, եւ արեւմտամետ, եւ չինամետ, եւ պարսկամետ, եւ քրդամետ, եւ անգամ՝ սիոնիստամետ։
Եւ ուրեմն, այս ամենը ի նկատի ունենալով, Սերժ Սարգսյանը Ելքին ուղարկեց արեւմտամետ դիրքեր, որը տվյալ դեպքում արտահայտվեց նրանց կողմից Ազգային Ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարություն ներկայացնելու տեսքով։ Ինչո՞վ էր այս քայլը պայմանավորված, ի՞նչ փոխվեց այս ընթացքում եւ ի՞նչ կշահի Սերժ Սարգսյանը։ Իսկ նրա կորուստն ակնհայտ է ու մեծ՝ այլեւս ինքը չէ Արեւմուտքի միակ գործընկերը Հայաստանում։
Իսկ ի՞նչ էր փոխվել Հայաստանում, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ կրակեց այս փամփուշտը։ Հիշենք, որ այս գործընթացին նախորդել էին ռուսական միհրանյան-կոլերովների նախատինք-սպառնալիքներն ընդդեմ Ռուսաստանից ապագաղութացման հայկական քրթմնջոցների։ Ի դեպ, ռուսական այս «մեկնաբանությունները» զարմացնում էին մեզ, քանի որ ժամանակավրեպ էին եւ իրենց ինտենսիվությամբ չէին համապատասխանում Հայաստանում տիրող տրամադրություններին։ Սակայն Սոչիի Պուտին-Սարգսյան հանդիպումը եւ ՆԱՏՕ-ական վերջին զորավարժություններից «մեկ գիշերվա մեջ» հրաժարվելը հիմք է տալիս մտածելու, որ այս անգամ սպասվում է էքսպանսիայի նոր ալիք, որին դիմագրավելու համար Սերժ Սարգսյանը դիմում է Ելքին։
Ռուսական «սպուտնիկներին» բնականաբար հետեւեցին նրանց հայկական արբանյակները, դաշնակցությունը կրկին սպառնաց ադրբեջանական յաթաղանով, Տարոն Մարգարյանը իրեն հատուկ մտքի պայծառությամբ փաստեց գոյություն չունեցող ռուսական Լենինգրադ քաղաքի անունով Երեւանում փողոց ունենալու անհրաժեշտությունը, հավատավոր նժդեհականները սկսեցին բացատրել, որ բոլշեւիկյան բռնաճնշումներին պետք է միայն մշակութային ներկայացում տալ, եւ ոչ՝ քաղաքական։ Իշխանական կուսակցությունները դեռեւս մնում են այն դիրեկտիվների շրջանակում, որ տրվել էին խորհրդարանական ընտրություններից առաջ, մինչ Ելքի դեպքում արդեն իրականացվում է օպերատիվ մանուալ կառավարում։
Իհարկե, անկախ իր ստուգաբանությունից, Ելքի նախաձեռնությունը խիստ կարեւոր է։ Հայաստանի քաղաքական օրակարգում ապագաղութացման խնդրի բարձրացումը, թեկուզեւ՝ այս կիսատ ձեւով, պետք է շարժի այն քաղաքական ճոճանակը, որն ի վերջո մեզ կարող է հանել ռուսական ճահիճից։ Առաջին պատասխան քայլերը կլինեն սպառնալիքներ ու անհեթեթություններ։ Այս փուլում շատ կարեւոր կլինի գեներալ Սեյրանի կարծիքի PR-ը, իսկ լեւոնիգիթյանները պատմական արդարության հաղթանակի համար կպահանջեն Մաշտոցի պողոտային վերադարձնել Ստալինի անունը։
Ռուսաստանի նման մեծ գերեզմանաքարը հանելու համար եթե դեռ չունենք լուրջ բուլդոզերներ, ապա պետք է սկսել գոնե լծակի փոքր շարժումներով՝ աստիճանաբար մեծացնելով ամպլիտուդը։

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am