ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանությունը` պարզվել ենթադրյալ հանցագործոթյուն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությունը կատարելու նպատակով օգտագործված ավտոմեքենայի ձեռք բերման աղբյուրը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, եւս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երեւանի։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ նշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանին եւ նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն եւ տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երեւան քաղաքի Հանրապետության 48 հասցեում գործող հյուրանոցային համալիրում, 2017թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6.30-ից վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել:

Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը եւ նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ.Աբգարյանի, Գ.Մոսինյանի եւ մյուսների ուղղությամբ, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ.Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին եւ Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նշենք, որ մեր տեղեկություններով, Ալբերտ Բլբուլյանն ու Վահագն Աբգարյանը հին հաշիվներ են ունեցել եւ նախօրեին տեղի ունեցածը դրա շարունակությունն է եղել: