Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող նոր օրենսդրական կարգավորումներով սպաների սահմանային տարիքը չի երկարացվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այժմ լուրջ է։ Օրենքով կարող էր երկարացվել մինչեւ հինգ տարի, եւ այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Արդարության նկատմամբ լուրջ խնդիր էր ձեւավորում սպայական անձնակազմի շրջանում, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում իր մեջ, ինչպես նաեւ սպայի հետագա աճի համար խնդիրներ էր առաջացնում։ Դրա համար այժմ մենք առաջարկում ենք չերկարացնել սպաների սահմանային տարիքը»,-ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով՝ նոր օրենսդրական կարգավորումներով, սպաների սահմանային տարիքը կմնա նույնը եւ երբ ժամկետը ավարտվի, ապա զորացրումը կդառնա ավտոմատ։ Սակայն այս ցանկում կան բացառություններ՝ ռազմաբժշկության ոլորտ, ռազմադասախոսական ոլորտ եւ շարքային կազմի որոշ մասնագիտություններ։

«Այս մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը։ Ասենք՝ հիմա մենք տեխնիկա վարող մասնագետների պակասորդ ունենք եւ ենթադրենք 50-60 տարեկան լինելը, բացարձակ չի խանգարում, որ հմուտ վարորդը շարունակի վարել այդ մեքենան», - նշեց նախարարը։